Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի ընդլայնման աշխատանքներն առաջ են ընթանում


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական դիտարկման ժամանակ հատում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը, արխիվ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական դիտարկման ժամանակ հատում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը, արխիվ

Առաջիկա օրերին Կասպշիկը ԵԱՀԿ անդամ երկրներին կներկայացնի գրասենյակի ընդլայնման ծրագիրը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի ընդլայնմանն ուղղված աշխատանքներն առաջ են ընթանում: Այդ մասին APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Դիվանագետը նշել է, որ առաջիկա օրերին Վիեննայում ԵԱՀԿ-ի անդամ երկրներին է ներկայացնելու գրասենյակի ընդլայնման ծրագիրը՝ այդ թվում բյուջեն և վերջնական եզրակացությունը:

Հիշեցնենք, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ավելացման շուրջ պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել մայիսի 16-ին Վիեննայում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահները համոզված են, որ ընդլայնելով ԵԱՀԿ-ի լիազորությունները՝ հնարավոր կլինի նվազեցնել շփման գծի լարվածությունը և կանխել արյունալի միջադեպերը:

Վիեննայի հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն նախ փորձեց ետ կանգնել այդ պայմանավորվածությունից՝ հայտարարելով, թե դա ոչ թե Ադրբեջանի, այլ ԵԱՀԿ-ի ցանկությունն է, մի քանի օր անց, սակայն, այդ հայտարարության հեղինակը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, շտապեց խմբագրել իր իսկ խոսքերը՝ վստահեցնելով, թե Բաքուն դեմ չէ Կասպշիկի գրասենյակի ընդլայնմանը:

APA-ի հետ զրույցում դեսպան Կասպշիկը հայտնել է, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իրեն հանձնարարել է ներկայացնել գրասենյակի ընդլայնման ծրագիրը:

Կասպշիկի խոսքով՝ սպասվող փոփոխությունները չեն ազդի իր ներկայիս մանդատի վրա, փոխարենը՝ կավելանա իր դաշտային օգնականների թիվը: Այդպիսով գրասենյակը կկարողանա ավելի հաճախակի դարձնել շփման գծի դիտարկումները և կանոնավոր կապեր հաստատել հակամարտող կողմերի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ, ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը՝ շեշտելով, որ այդ կերպ հնարավոր կլինի ԵԱՀԿ-ի ներկայացուցչին և համանախագահներին իրավիճակի մասին առավել բազմակողմանի տեղեկատվություն ներկայացնել:

«Միևնույն ժամանակ, հնարավորություն կստեղծվի ավելի օպերատիվ արձագանքել լարվածության նվազմանն ուղղված ջանքերին՝ իմ մանդատի շրջանակում», - ընդգծել է Անջեյ Կասպշիկը:

XS
SM
MD
LG