Մատչելիության հղումներ

Նոր տեղեկություններ Ալիևների ընտանիքի ունեցվածքի մասին


Ալիևների ընտանիքը, արխիվ

Ալիևների ընտանիքը, արխիվ

Ըստ հետաքննող լրագրողների՝ Ալիևներին պատկանող բարձրակարգ տների ու բնակարանների ընդհանուր արժեքը 140 միլիոն դոլար է կազմում:

Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների սեփականատերերին բացահայտած Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը երեքշաբթի օրը նոր տեղեկատվություն հրապարակեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին աշխարհի տարբեր պետություններում պատկանող անշարժ գույքի մասին:

«Ալիևների ընտանիքին պատկանող բարձրակարգ տների ու բնակարանների ընդհանուր արժեքը 140 միլիոն դոլար է կազմում», - գրում են հետաքննող լրագրողները` հատուկ ընդգծելով, որ սա միայն այն անշարժ գույքն է, որին Իլհամ Ալիևի ընտանիքի ուղղակի առնչության մասին վկայող հստակ տեղեկություններ կան:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն իր կայքում նաև հրապարակել է Ադրբեջանի նախագահի ընտանիքին պատկանող անշարժ գույքի մանրամասն ցանկը` դրան կցելով տների, բնակարանների ու ամառանոցների լուսանկարները: Կոնսորցիումի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ Ալիևի ընտանիքը Դուբայում գտնվող թվով ինը, Լոնդոնում գտնվող առնվազն երեք, ինչպես նաև Չեխիայում և Ռուսաստանում գտնվող մեկական տների սեփականատերն է:

Առավել տպավորիչ է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող անշարժ գույքի ցանկը: Դրանում ընդգրկված են 25 միլիոն դոլար արժողությամբ մեկ առանձնատուն, բրիտանական մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի` Հայդ փարքի այսպես կոչված «Հռետորների անկյան» անմիջական հարևանությամբ գտնվող մեկ բնակարան, որի մոտավոր արժեքը, ըստ հետաքննող լրագրողների, մոտ 8 միլիոն դոլար է: Բացի այդ, Իլհամ Ալիևի դուստրերը` Լեյլան և Արզուն ուղղակի առնչություն ունեն Լոնդոնի կենտրոնում` Նայթսբրիջ 199 հասցեում գտնվող և մարզասրահ, բիզնես կենտրոն ու 20-մետրանոց լողավազան ընդգրկող բարձրակարգ բնակելի համալիրի բնակարաններից մեկին կամ մի քանիսին:

«Ընդհանուր առմամբ այս համալիրում 205 բնակարան կա, որոնցից ամենաէժանագինը 2005 թվականին արժեր մեկ միլիոն, իսկ ամենաթանկարժեքը` 26 միլիոն դոլար: Այսօր դրանց գինը անհամեմատ ավելի բարձր է», - գրում են հրապարակման հեղինակները՝ հավելելով․ - «Երբ մենք այցելեցինք բնակելի այս համալիր, այն սպասարկող աշխատակիցներից մեկը ենթադրեց, որ Լեյլա Ալիևային են պատկանում շենքի բնակարաններից երեքը կամ չորսը»: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը, սակայն, արձանագրում է, որ դրանց պաշտոնական սեփականատերերն են տարատեսակ օֆշորային ընկերությունները:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի ընտանիքի` Մեծ Բրիտանիայից դուրս գտնվող ունեցվածքին, ապա հարկ է հիշատակել Արաբական Միացյալ Էմիրություններում` Դուբայի ծովափնյա գոտում գտնվող 9 տները, որոնց ընդհանուր արժեքը 44 միլիոն դոլար է: Ալիևների` Դուբայում գտնվող ունեցվածքի մասին դեռ տարիներ առաջ գրել էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան, որն արդեն մեկուկես տարի է ինչ անազատության մեջ է:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին նաև հաջողվել է պարզել, որ Ալիևների ընտանիքին է պատկանում չեխական Կարլովի Վարիում գտնվող մի առանձնատուն, որի արժեքն է 1 միլիոն 100 հազար դոլար: «Ալիևները անշարժ գույք ունեն նաև Ռուսաստանի Դաշնությունում», - պնդում են հրապարակման հեղինակները` նշելով, որ Ադրբեջանի ղեկավարի ընտանքին պատկանող մերձմոսկովյան ամառանոցի, կամ ինչպես հետաքննող լրագրողներն են այն ռուսական տարբերակով անվանում` «դաչայի» արժեքը 37 միլիոն դոլար է:

XS
SM
MD
LG