Մատչելիության հղումներ

Ամանպուրը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատել Իմայիլովային


Քրիստիան Ամանպուրը Խադիջա Իսմայիլովային ՅՈւՆԵՍԿՕ-ի մրցանակի շնորհման արարողության ժամանակ, Հելսինկի, 3-ը մայիսի, 2016թ.

Քրիստիան Ամանպուրը Խադիջա Իսմայիլովային ՅՈւՆԵՍԿՕ-ի մրցանակի շնորհման արարողության ժամանակ, Հելսինկի, 3-ը մայիսի, 2016թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով:

«Զանգվածային լրատվամիջոցները՝ ներառյալ զարգացող նոր օնլայն մեդիան, մեզ ծառայում են որպես աչքեր և ականջներ», - բնորոշել է գլխավոր քարտուղարը, ապա ազատ, անկախ և ապահով լրատվական դաշտի կարևորությունն ընդգծելով՝ հիշեցրել, որ բազմաթիվ լրագրողներ կառավարական ձախողումների, սոցիալական խնդիրների լուսաբանման հետևանքով սպանվում են, հետապնդվում:

«Ես շատ անհանգստացած եմ շատ երկրներում լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի սահմանափակումների աճով: Մամուլի ազատության համաշխարհային այս օրվա կապակցությամբ բոլոր կառավարություններին, քաղաքական գործիչներին, գործարարներին և քաղաքացիներին հորդորում եմ հավատարիմ մնալ և պաշտպանել անկախ մամուլը: Առանց այս հիմնարար իրավունքի, մարդիկ նվազ ազատ են», - ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ամենամյա ուղերձում:

1993 թվականին մայիսի 3-ը որպես Մամուլի ազատության օր հռչակեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: ՄԱԿ-ի մանդատով օժտված գործակալությունը` ՅՈւՆԵՍԿՕ-ն, 1993-ից նախաձեռնեց խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու համաշխարհային արշավ։

Ադրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովան այսօր արժանանում է ՄԱԿ-ի մրցանակին՝ «դժվար հանգամանքներում մամուլի ազատության նշանակալից ավանդի համար»:

Reuters լրատվական գործակալությունն այսօր հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի մոր լուսանկարը՝ Ֆինլանդիայի նախկին նախագահ Տարյա Հալոնենի, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սպիլիայի հետ: Խադիջայի մայրը ժամանել է Հելսինկի՝ բանտում գտնվող դստեր փոխարեն մրցանակը ստանալու:

Ադրբեջանի նախագահի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ հետաքննությունից հետո 7.5 տարվա ազատազրկման դատապարտված Խադիջա Իսմայիլովայի մրցանակի դրամական պարգևը 25 հազար դոլար է:

CNN-ի առաջատար լրագրող Քրիստիան Ամանպուրը այսօր Հելսինկիում Ադրբեջանի իշխխանություններին կոչ է արել ազատել Իսմայիլովային:

«Այսօր Խադիջան բանտում է: Նա ՅՈւՆԵՍԿՕ-ի Գիյերմո Կանո Աշխարհում մամուլի ազատության մրցանակի այս տարվա դափնեկիրն է, հետաքննող լրագրող է, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում էր աշխատում, հայտնի է որպես շատ խիզախ լրագրող՝ կոռուպցիոն և իշխող ընտանիքի թեմաներով», - ասել է Ամանպուրը։

Նրա խոսքով՝ Խադիջա Իսմայիլովան «արել է այն, ինչ պետք է աներ թուղթ ու գրիչով, արել է իր գործը՝ լույս սփռելով մութ անկյուններին և լինելով բոլորի աչքերն ու ականջները՝ ճանաչել աշխարհը` տեղեկանալով, թե ինչ է կատարվում»:

Անցյալ շաբաթ հրապարակվեց Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցը։ Հայաստանը, ըստ զեկույցի, հետընթաց է արձանագրել, շարունակելով հիշատակվել ոչ ազատ երկրների շարքում՝ 199 երկրների թվում զբաղեցնելով 139-րդ տեղը՝ նախորդ տարվա 135-րդի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG