Մատչելիության հղումներ

Լևոն Հայրապետյանին «տեղափոխել են բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում»


Լևոն Հայրապետյան, արխիվ

Լևոն Հայրապետյան, արխիվ

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է` առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Հայրապետյանին տեղափոխել են բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում:

«Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, չորս ինսուլտ, երկու ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում», - փոխանցում է նախաձեռնությունը՝ ընդգծելով․ - «Բանանային հանրապետություններից բացի աշխարհի և որևէ այլ երկրում նման բան պատկերացնելն անգամ անհնար է»:

Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն, ինչպես նշված է հաղորդագրությունում, «մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը»:

«Ոչ պակաս ապշեցնող է նաև Ռուսաստանի ազդեցիկ հայերի անգործությունը: Նրանք կարծես կորցրել են խոսելու ունակությունը, թեև միասնության և եղբայրության մասին վերամբարձ կենացներ ասելու առիթը երբեք բաց չեն թողնում», - ասված է հաղորդագրությունում:

Նախօրեին տարածած հաղորդագրությունում, հիշեցնենք, նախաձեռնությունը նշել էր, որ հիվանդությունները, որոնցով տառապում է գործարարը, «ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին»:

Ապրիլի 14-ին մոսկովյան դատարանը հայազգի գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին դատապարտեց չորս տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։

Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար, բայց գործնականում ոչ մի լծակ չի ունեցել, որ կատարի խոստումը։

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» նախաձեռնությունը շեշտում է, որ մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG