Մատչելիության հղումներ

Նախաձեռնությունը պնդում է, որ Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում


Լևոն Հայրապետյան
Լևոն Հայրապետյան

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է, որ Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում։

Նախաձեռնությունը, վկայակոչելով հայազգի գործարարի հարազատներին ու փաստաբանին, նշում է, որ հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարարը, «ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին»:

«Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, երեկ մոսկովյան դատարանը Հայրապետյանին դատապարտեց չորս տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։

Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար, բայց գործնականում ոչ մի լծակ չի ունեցել, որ կատարի խոստումը։

Նախաձեռնությունը նշում է, որ մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են։ «Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով: Այս իրավիճակում զարմանք է առաջացնում Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերի լռությունը», - ասված է նախաձեռնության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG