Մատչելիության հղումներ

Երևանում համատեղ նիստ գումարեցին ՀՀ և ՌԴ խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովները


ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնության խորհրդի հանձնաժողովների համատեղ նիստը Երևանում: 15-ը ապրիլի 2016 թ․

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնության խորհրդի հանձնաժողովների համատեղ նիստը Երևանում: 15-ը ապրիլի 2016 թ․

Նիստը սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ Ղարաբաղում զոհված զինծառայողների:

Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստի արդյունքում ակնկալվող համատեղ հայտարարությունը չընդունվեց:

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը դա բացատրեց Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում ընդունված ընթացակարգով, թե նախ պետք է համաձայնեցնեն իրենց խորհրդարանի այլ հանձնաժողովների հետ․ - «Մենք պայմանավորվեցինք, որ հայտարարությունը կուղարկենք Մոսկվա, այն կքննարկեն երեք հանձնաժողովները, և ապա որոշում կընդունվի»:

Նիստին մասնակցած ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը խոսքով՝ սովորաբար նման միջխորհրդարանական նիստերը եզրափակվում են համատեղ հայտարարությամբ, բայց ռուսաստանյան կողմը այս անգամ ակնհայտորեն խուսափեց դրանից․ - «Ես դա միարժեքորեն որակում եմ խուսափեց այսօրվա ամենակարևորագույն իրավիճակում համատեղ հայտարարությամբ հանդես գալուց»:

Թե ինչ էր ասվում հայտարարության մեջ և պատրաստված տեքստի որ հատվածներն էր խնդրահարույց համարել ռուսաստանյան պատվիրակությունը, հայտնի չդարձավ: Նիստը դռնփակ էր:

«Խուսափում են նաև մեր ռազմավարական գործընկերները պարզել, այսպիսի կարևորագույն իրավիճակի հետ կապված գնահատական հնչեցնել այս ծանր պատերազմական օրերի հետ կապված: Այո, որ անընդհատ ասվում է՝ հասցեական գնահատականի մասին է խոսքը», - ասաց Քոքոբելյանը:

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր բացման խոսքում շեշտեց, որ քառօրյա արյունալի բախումներում կիրառվել են ռուսաստանյան արտադրության հարձակողական զենքեր․ - «Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են զինուժ, ծանր հրետանի և զրահատեխնիկա, այդ թվում՝ նաև Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» և ՏՕՍ-1 համակարգեր»:

Նահապետյանը հայտարարեց, որ Ադրբեջանին վաճառված սպառազինությունը սպառնալիք է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար՝ հատուկ ընդգծելով, որ այդ կառույցին անդամակցում է նաև Հայաստանը․ - «Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել ռազմաքաղաքական սպառնալիքները, վաղը հնարավոր է ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ»:

Ադրբեջանի գործողությունները համեմատելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճի հետ՝ Նահապետյանը Երևան ժամանած ռուսաստանցի պատգամավորներին առաջարկեց այցելել Ղարաբաղ և անձամբ տեսնել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները․ - «Որտեղ ինքներդ կտեսնեք քառօրյա պատերազմի թողած հետքերը և կլսեք շարունակվող կրակոցների ձայները»:

Լեռնային Ղարաբաղ ռուսաստանյան պատվիրակությունը չի այցելի․ արարողակարգով նախատեսված չէ: Փոխարենը վաղը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կայցելեն, կլինեն Գյումրիի ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում:

Բարձր գնահատելով Ռուսաստանի ջանքերը կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելու հարցում՝ Կորյուն Նահապետյանը նաև քննադատեց որոշ ռուս պաշտոնյաների «անհեռատես, անզգույշ հայտարարությունները», որոնք «արդարացիորեն բացասական արձագանք են առաջացրել հայ հասարակության շրջանում»:

ՌԴ խորհրդարանի վերին պալատի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինի ողջույնի խոսքում միայն հպանցիկ անդրադարձ կար ապրիլի առաջին օրերի բախումներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Նա հայտարարեց, որ այդ իրադարձությունները որոշակի փոփոխություններ են մտցրել կես տարի առաջ ծրագրված այս հանդիպման օրակարգում:

Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, Չեկալինը կրկնեց ռուսաստանյան տարբեր պաշտոնյաների նախկինում բազմիցս հնչեցրած պատասխանը․ - «Զենքի առևտուրը թերևս ամենատարածված միջազգային պրակտիկան է: Սա ավելի շուտ տնտեսական հարց է, քան քաղաքական: Ռուսաստանյան զենքից բացի, Ադրբեջանը շատ այլ երկրներից նույնպես զենք է գնում, օրինակ՝ Իսրայելից, Ուկրաինայից: Եթե Ռուսաստանը զենք չվաճառի, ապա հենց հաջորդ օրն այդ տեղը կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, սակայն այդ զենքը կլինի ավելի մահաբեր և ավելի սարսափելի»:

«Ազատության» հարցը՝ արդյո՞ք ավելի սարսափելի, քան «Սմերչ»-ը, Չեկալինն անպատասխան թողեց․ - «Թույլ տվեք ավարտել: Ասեմ ամենակարևորը՝ կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ: Պետք է աշխատել մարդկանց, քաղաքական գործիչների, հասարակության և իշխանությունների հետ, և այդ դեպքում որևէ զենք երբեք չի կրակի»:

XS
SM
MD
LG