Մատչելիության հղումներ

Ցուցարարները ձվեր նետեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ


Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի երթ և ակցիա անցկացրեցին ընդդեմ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի:

Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն: Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կուտակել օտարերկրյա դեսպանության առջև՝ տևական ժամանակ ցուցարարներին թույլ չտալով մոտենալ շենքին: Ի վերջո ակցիան կայացավ հենց դեսպանատան մայթին, թեև այստեղ էլ պարբերաբար հրմշտոց էր տեղի ունենում ոստիկանների հետ, որոնք պահանջում էին բացել շենքի մուտքը:

Լարվածություն առաջացավ նաև, երբ դեսպանատան ուղղությամբ ձվեր և մետաղադրամներ նետվեցին:

Ակցիայի մասնակիցներին հատկապես զայրացրել էին այս օրերին ռուսաստանցի պաշտոնյաների շուրթերից հնչող հակափաստարկները, թե եթե Մոսկվան Բաքվին զենք չվաճառի, այլ երկրներ կլրացնեն այդ շուկան․

«Պատկերացրեք մեկին, ով բացահայտ հայտարարում է, որ ինքը մտադիր է մարդ սպանել, և դուք այդ մարդու ձեռքը զենք եք տալիս: Անմիջական սպանողը, իհարկե, այն մարդն է, ով այդ զենքը կիրառում է, բայց դուք աջակցում եք, դուք դարձնում եք հնարավոր այդ հանցագործությունը: Նույնը մենք ունենք այս դեպքում: 94 թվականին Ադրբեջանը պարտվեց պատերազմում, բայց Ռուսաստանը այնքան զինեց Ադրբեջանին, որ Ադրբեջանը մտածեց, որ ինքը արդեն ավելի ուժեղ է, և ևս մեկ անգամ որոշեց ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Բարեբախտաբար` անհաջող, բայց, այնուամենայնիվ, դա ռուսական զենքեր էին, Ռուսաստանը ապակայունացնում է տարածաշրջանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից` «Իրազեկ քաղաքացիների միավորման» անդամ Դանիել Իոաննիսյանը: - «Մարդիկ ասում են` եթե Ռուսաստանը չվաճառեր, կվաճառեին այլոք: Բայց Ամերիկան չի վաճառում զենք Ադրբեջանին, Ֆրանսիան չի վաճառում զենք Ադրբեջանին, Մեծ Բրիտանիան, Գերմանիան... աշխարհի առաջատար արտադրողները չեն վաճառում զենք Ադրբեջանին: Արդիական հարձակողական զենք արտադրող միակ երկիրը, որը զենք է վաճառում Ադրբեջանին, դա Ռուսաստանն է», - շարունակեց նա:

Երթի ընթացքում Ռուսաստանից բացի քննադատություն հնչեց նաև Հայաստանի իշխանությունների հասցեին: Մասնավորապես` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր քննադատության թիրախում, ով որոշեց մասնակցել Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նիստին, թեև նիստը նախատեսված էր անցկացնել Երևանում և ԵԱՏՄ անդամ Ղազախստանի ջանքերով տապալվեց: Թեև Հայաստանի իշխանությունները բացահայտ դժգոհություն հայտնեցին այս կապակցությամբ, վարչապետը, փաստորեն, որոշեց այնուամենայնիվ մեկնել Մոսկվա:

Այսօրվա բողոքի ակցիային մասնակցում էր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ում ձեռքին ապրիլյան ռազմական գործողությունների զոհերի լուսանկարներով պաստառ կար: Ընդդիմադիր գործիչը տարակուսած էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումից:

«Ես վիրավորված եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ես այդ նսեմացումը չեմ ուզում ընդունել, ես ուզում եմ ընդվզել դրա դեմ: Ես չգիտեմ` վարչապետը այդ ժպտացող դեմքով որ կանգնել է այնտեղ բոլորի կողքին, դա ինչի՞ մասին է ասում: Ես այսօր եկել եմ հատուկ, որ ասեմ` դեմ եմ Ռուսաստանի նման դաշնակից ունենալուն», - դժգոհեց Բախշյանը:

Ցուցարարները երթով անցան նաև Արտգործնախարարության շենքի մոտով` հնչեցնելով «ամոթ» վանկարկումներ և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մեղադրելով անգործության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG