Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության մեջ վերջինիս անձնական շահն է տեսնում:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոպիտ և անընդունելի է համարում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման քննադատությունը «դեմագոգիա է, բառակույտ և լալկան նվնվոց»:

Հինգշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Ռոգոզինի հայտարարությանը, Նաղդալյանն ասաց․ - «Ինչ վերաբերում է ռուսական բարձրաստիճան պաշտոնյայի այդ հայտարարությանը, որը իսկապես բավական կոպիտ է և անընդունելի, կարծում եմ՝ դրա վերաբերյալ լավագույն պատասխանը հենց այն է, թե ինչ կատարվեց այդ հայտարարության հետ ընդամենը մեկ ժամվա ընթացքում և հենց այն հանգամանքը, որ ընդամենը մեկ ժամ հետո այդ հայտարարությունը այլևս այդ համապատասխան էջից ջնջված էր, կարծում եմ՝ լավագույն պատասխանն է այն մասին, թե ինչպես է ընկալվել այդ հայտարարությունը առաջին հերթին հենց բուն Ռուսաստանում, իսկ հետո նոր՝ Հայաստանում»:

Դմիտրի Ռոգոզինը նաև ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահն է: Ռուսական մամուլի տվյալներով վերջին տարիներին Մոսկվան մոտ 5 միլիարդ դոլարի հարձակողական սպառազինություն է վաճառել Ադրբեջանին: Նաղդալյանը խոսեց անձնական շահի մասին․ - «Կարող են անհատները տարբեր բաներ խոսել՝ ելնելով իրենց մտածելակերպից, իրենց շահերից, իրենց անձնական դիրքորոշումներից, բայց պետական գործընթացները ղեկավարվում են ոչ այդպիսի սկզբունքներով»:

Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքի հարցը դարձել է հայ-ռուսական հրապարակային տարաձայնությունների առարկա: Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ ռուսական այդ զենքով հակառակորդը սպանում է նաև երեխաների:

«Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից», - Մեդվեդևի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը:

Այդ խոսքերից չորս օր անց ռուսաստանյան Эхо Москвы ռադիոկայանի եթերում Դմիտրի Ռոգոզինը տարակուսանք էր հայտնել հակամարտող կողմերին զենք վաճառելու շուրջ ծագած դժգոհության առնչությամբ՝ դա անվանելով «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»:

XS
SM
MD
LG