Մատչելիության հղումներ

Ուկրաինան նոր վարչապետ կունենա


Արսենի Յացենյուկն ու Վլադիմիր Գրոյսմանը, արխիվ

Արսենի Յացենյուկն ու Վլադիմիր Գրոյսմանը, արխիվ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Ես որոշում եմ կայացրել հրաժարական տալ Ուկրաինայի վարչապետի պաշտոնից: Երեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, ես այն կներկայացնեմ խորհրդարան», - ասել է Ուկրաինայի վարչապետը։

Յացենյուկն իր որոշումը պատճառաբանել է մասնավորապես երկրում տիրող քաղաքական ճգնաժամով, որը, նրա պնդմամբ, սանձազերծվել է արհեստականորեն։

Այսօր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խորհրդարանականներին հորդորել է ստեղծել նոր կոալիցիա և ընդունել Յացենյուկի հրաժարականը:

Պորոշենկոն հույս է հայտնել, որ վաղը կձևավորվի նոր կոալիցիա՝ հավելելով, որ իր թեկնածուն Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանն է: Ինքը՝ Գրոյսմանը Յացենյուկի հրաժարականի որոշումը գնահատել է «արժանապատիվ քայլ»:

Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է ձևավորվի գալիք շաբաթ: Նա հույս է հայտնել, որ նոր վարչապետին հնարավոր կլինի ընտրել վաղը, ապա ավելացրել, որ այդ ընտրությունը կհանգուցալուծի ներքաղաքական ճգնաժամը:

«Պետրո Պորոշենկոյի դաշինք» խորհրդարանական խմբակցության անդամ Վադիմ Դենուսենկոն ասել է, որ 99.9 տոկոսով համոզված է՝ Գրոյսմանն է լինելու Ուկրաինայի հաջորդ վարչապետը:

«Ես ուզում եմ ասել, որ հիմա ամենակարևոր հարցն այն չէ, թե ով է դառնալու վարչապետ, այլ այն, թե մենք ինչ ենք պատրաստվում անել ապագայում», - նախքան Յացենյուկի հրաժարականն ասել էր Գրոյսմանը՝ հավելելով. - «Ես կարծում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է արդյունավետ ծրագիր ունենալ, որը կերաշխավորի իրավիճակի կայունությունը և կկասեցնի Ուկրաինայում տնտեսական ճգնաժամի խորացումը: Երկրորդը՝ մենք պետք է վերականգնենք մարդկանց վստահությունը կառավարության նկատմամբ, և մենք դա ուզում ենք անել ոչ թե կարգախոսներով, այլ իրական գործողություններով՝ երաշխավորելով տնտեսական աճը մեր երկրում»:

Յացենյուկը վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2014 թվականին: Նա խոստացել էր պայքարել ընդդեմ տնտեսական կոռուպցիայի և իրականացնել բարեփոխումներ:

Այս տարի փետրվարի 16-ին Պետրո Պորոշենկոն Յացենյուկին, ինչպես նաև գլխավոր դատախազին խնդրել էր հրաժարական ներկայացնել, ի տարբերություն գլխավոր դատախազի՝ Յացենյուկը հրաժարվել էր հեռանալ պաշտոնից: Նա, Գերագույն ռադայում ներկայացնելով հաշվետվություն, պնդել էր, որ գործադիր իշխանությունն արել է հնարավոր առավելագույնը:

Փետրվարին խորհրդարանական մեծամասնությանը չհաջողվեց անվստահություն հայտնել Յացենյուկին, ինչից հետո հնչեցին կոալիցիայի պառակտման վերաբերյալ հայտարարություններ:

Շարքային ուկրաինացիները տարբեր կարծիքներ են հայտնում Յացենյուկի հրաժարականի և Գրոյսմանին նոր վարչապետ նշանակելու կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG