Մատչելիության հղումներ

Պորոշենկոն վարչապետին և դատախազին խնդրել է հրաժարական տալ


Արսենի Յացենյուկ, Պետրո Պորոշենկո

Արսենի Յացենյուկ, Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վարչապետ Արսենի Յացենյուկին և գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին խնդրել է հրաժարական տալ՝ կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով: Պորոշենկոն հայտարարել է նախարարների կաբինետի «ամբողջական վերաձևավորման» անհրաժեշտության մասին:

«Այսօր առավոտյան ես հանդիպել և հանգամանալից զրուցել եմ գլխավոր դատախազի հետ: Ես դիմել եմ Վիկտոր Նիկոլաևիչին՝ առաջարկելով, որ նա հրաժարականի դիմում գրի»,- ասել է Պորոշենկոն:

Ավելի վաղ խորհրդարանականների մեծամասնությունը զգուշացրել էր Արսենի Յացենյուկի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու մասին: Անվստահություն հայտնելու մասին զգուշացրել են, մասնավորապես, Պետրո Պորոշենկոյի կողմնակիցները, որոնք դժգոհ են կառավարության գործունեությունից:

Վարչապետ Արսենի Յացենյուկը այսօր սկսել է ներկայացնել Ուկրաինայի Գերագույն ռադայում կառավարության հաշվետվությունը։ Մինչ այդ Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ խորհրդարանը կարող է քննարկել Արսենի Յացենյուկի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, եթե լինի 150 պատգամավորի ստորագրություն : Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են ակտիվիստներ և պահանջում են կառավարության հրաժարականը:

Պորոշենկոյի կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Մուստաֆա Նայեմը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությանն անվստահություն հայտնելու համար արդեն կա 159 ստորագրություն: Այդ մասին նա գրել է Twitter-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG