Մատչելիության հղումներ

Իշխանությունը վերահաստատում է ԸՕ նախագծի շուրջ բանակցելու պատրաստակամությունը


Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյան
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյան

«Մենք որևէ առումով կաշկանդված չենք այդ առաջարկությունները լսելու», - ասում է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Իշխանությունը վերահաստատում է՝ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ պատրաստ է բանակցել ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասում է՝ բանակցողների շրջանակը լավ չի պատկերացնում․ - «Մենք ինքներս պատրաստ ենք, երբ որ կարող են համախմբվել, կոնսոլիդացվել, որպես իրենք են ասում՝ միասնական պլատֆորմ կարողանան ձևավորել և ստեղծել, մենք որևէ առումով կաշկանդված չենք այդ առաջարկությունները լսելու։ Իմ մեջ, առնվազն, խնդրահարույց է, թե հասարակական կազմակերպություններից ո՞ր չորս են մասնակցելու և ինչպես է այդ ընտրությունը լինելու: Կան խմբակցություններ, որտեղ մեկ-երկու քաղաքական ուժ կամ անձ ներկայացնողները համամիտ չեն մյուս հինգի հետ»։

Անցած շաբաթավերջին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել էր 4+4+4 ձևաչափով ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ բանակցելու՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը Լևոն Զուրաբյանի հետ քննարկել է այս առաջարկը․ - «Առաջարկի ֆորմատը այսպիսին է՝ 4 խորհրդարանական խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, երկու ներկայացուցիչ ՀՅԴ-ից, երկու՝ Հանրապետականից և քաղաքացիական հասարակությունը ինքը թող որոշի իր միջից այն 4 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր ներկայացված կլինեն ֆորմատում»։

Քիչ առաջ «Հայկական վերածնունդը» հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ «Օրինաց երկիր» խմբակցությունը կպաշտպանի ընտրական օրենսգրքի շուրջ եռակողմ բանակցությունների գաղափարը։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ իշխանությունից պաշտոնական առաջարկի են սպասում, մինչև այն չլինի՝ հարցը չեն քննարկի:

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն կմասնակցի քննարկումներին իր առաջարկներով։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ընդդիմադիրների հիմնական պահանջները, այդ թվում՝ ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, ներառված են իրենց փաթեթներում․ - «Չնայած նախորդ բոլոր ֆորմատների, պլատֆորմների էպոպեան ինձ լավատեսություն չի ներշնչում, բայց չպիտի դրանով առաջնորդվել: Եթե կա հնարավորություն՝ փորձել բոլոր կարծիքները մեկտեղել և գտնել առավել օպտիմալ լուծում, եթե դրա համար կա քաղաքական կամք և համաձայնությունը իշխանության կողմից ընդամենը իմիտացիա չէ, ասելու համար, որ՝ մենք սրան էլ համաձայնեցինք, բայց տեսեք՝ բան դուրս չեկավ, բնականաբար «Բարգավաճ Հայաստանը» ռեալ արդյունավետ աշխատանքային պրոցեսին, տարբեր կարծիքները մեկտեղելուն անպայմանորեն համաձայն կլինի»:

Ընդդիմադիրների գլխավոր պահանջին՝ քվեարկություն կատարած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը, իշխանությունը չի ընդառաջում՝ առաջընթաց համարելով առաջարկվող այլընտրանքը՝ ցուցակներին երկու ժամով ծանոթանալու հնարավորությունը։ Հովհաննես Սահակյանը զգուշացնում է՝ իրենց չարժե վերջնագրեր ներկայացնել․ - «Եթե մեր ընդդիմախոսները առաջ են քաշելու 4-5 կետերից ինչ-որ խնդիրներ, և եթե սրանք չեն ընդունվելու՝ ապա ամեն ինչ կորած է, և այլն, և այլն․․․ սա լավ ձևաչափ չէ, լավ տեղ չի տանելու և մենք եզրահանգման չենք գալու, որովհետև մենք էլ ունենք մեր հակափաստարկները»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ հասարակական կազմակերպություններն այսօր երեկոյան քննարկելու են իշխանության հետ բանակցություններին մասնակցելու առաջարկը, բայց արդեն իսկ համաձայնել են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընդդիմության հետ միասնական 5 պահանջ ներկայացնել․ - «Մասնավորապես՝ ընտրողների ցուցակների հրապարակում, ընտրողների ցուցակների մաքրում վրացական օրինակով, տեսախցիկների տեղադրում տեղամասերում, պարզ համամասնական ցուցակ՝ բացառելով ռեյտինգայինները, տարածքային ցուցակները, ինչպես նաև՝ ընտրողների կա՛մ մատներով նույնականացման համակարգի ներդրումն է, կա՛մ մատների թանաքոտման տարբերակը»։

XS
SM
MD
LG