Մատչելիության հղումներ

ԸՕ-ի նախագծի երկու շարադրանքների տարբերությունը «պատահական չէ»


Հայաստանի ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկում են նոր ԸՕ-ի նախագիծը, 29-ը փետրվարի, 2016թ․

Հայաստանի ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկում են նոր ԸՕ-ի նախագիծը, 29-ը փետրվարի, 2016թ․

Ընդդիմադիր գործիչները մեկնաբանում են ԸՕ-ի նախագծի՝ կառավարության կայքէջում հրապարակված և Վենետիկի հանձնաժողովին ուղարկված շարադրանքների տարբերությունը:

Ընդդիմադիրները տարբերություն են նկատել Ընտրական օրենսգրքի նախագծի՝ կառավարության կայքէջում հրապարակված հայերեն և Վենետիկի հանձնաժողովին ուղարկված անգլերեն տարբերակների միջև:

Նշված տարբերակներում, մասնավորապես, կոալիցիա ձևավորելու վերաբերյալ խնդրահարույց դրույթը տարբեր ձևակերպումներ ունի։ Կառավարության կայքում տեղադրված տարբերակում հստակ է՝ առավելագույնը երեք ուժեր կարող են կոալիցիա կազմել: Եվրոպացի փորձագետներին ուղարկված շարադրանքում, սակայն, նման սահմանափակում չկա։ Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կասկածում է, թե սա ընդամենը վրիպակ է:

«Չեմ կարծում եմ, թե նման հարցի շուրջ կարող էր վրիպակ լինել, ընդհակառակը՝ համարում եմ, որ այստեղ ուղղակի դիտավորություն է, որպեսզի Վենետիկի հանձնաժողովն այդ մասով առարկություններ չունենա»,- ասաց Փոստանջյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս վստահ չէ, թե թարգմանիչները սխալմամբ են անգլերեն տեքստում հոդվածն այլ կերպ շարադրել։ «Չեմ կարող վստահաբար ասել՝ սա ժուլիկություն է, թե իսկապես սխալվել են թարգմանիչները, բայց ես խոսել եմ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ էս հարցի շուրջ, շատ բացասական վերաբերմունք կա այդ սահմանափակման հանդեպ»,- ասաց նա:

Նախագծի մշակմանը մասնակցած՝ հանրապետական Դավիթ Հարությունյանը փորձում է ցրել այս կասկածները, պնդելով՝ Վենետիկ ուղարկված տարբերակում վրիպակ է եղել, կոալիցիա կազմելու վերաբերյալ դրույթում էլ ուժ մեջ է իրենց առաջարկած սահմանափակումը, այն է՝ դրանում կարող են մասնակցել երեքից ոչ ավելի կուսակցություն։ «Նկատել ենք այդ վրիպակը, կուղղենք»,- վստահեցնում է Հարությունյանը:

Լևոն Զուրաբյանը հակադարձում է՝ «Նման թարգմանչական վրիպակները շատ լուրջ քաղաքական հետևանքներ են ունեցել: Օրինակ, երբ Սահմանադրությունն էին ներկայացրել, իրենք այնպես էին թարգմանել, որ ստացվում էր՝ ոչ թե Ազգային ժողովի նախագահն է վարչապետ առաջարկում, այլ՝ նախագահը: Իրականում խորամանկություն էր՝ Եվրոպայի պրակտիկայում նման բան չկար, որ Ազգային ժողովի նախագահը ներկայացնի վարչապետի թեկնածություն»:

«Ազատության» հետ զրույցում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախօրեին պնդել էր, թե միջազգային պրակտիկան հաշվի առնելով են սահմանափակել կոալիցիայի մասնակից կուսակցությունների թիվը: Փորձագետ Համազասպ Դանիելյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ միջազգային պրակտիկայում նման սահմանափակում հազվադեպ է հանդիպում։ «Արհեստական սահմանափակում դնել, առավելագույն թիվ սահմանել, թե քանի կուսակցություն պետք է կարողանա կոալիցիա կազմավորել, բավական տարօրինակ և անծանոթ երևույթ է: Բելգիայում 6 ուժ կա կոալիցիայում, Իսրայելում՝ մեկ տասնյակից ավելի, որպես կանոն»,- օրինակներ է բերում փորձագետը:

Բացի այդ, նրա կարծիքով, կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ողջ քաղաքական համակարգի համախմբումը մեկ կոալիցիայում։ Օրինակ՝ «ակտիվ պատերազմական իրավիճակում»:

XS
SM
MD
LG