Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը պատասխանում է օրենսգրքի քննադատներին


Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Արփինե Հովհաննիսյանի համոզմամբ, Ընտրական օրենսգրքի նախագծում սահմանափակումներ չեն մտցվել, ավելին՝ այն «բարձրացնելու է ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը»:

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մշակմանը մասնակցած՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ ընդդիմադիրների պնդումներին, թե նախագծում լուրջ սահմանափակումներ են ներդրվել: Ավելին՝ հանրապետական նախարարը կարծում է, որ իրենց առաջարկները կբարձրացնեն վստահության մակարդակը ընտրական գործընթացի հանդեպ։

«Էլեկտրոնային գրանցման համակարգը սկզբունքորեն շատ մեծ գործիք կարող է լինել վստահության մթնոլորտի ձևավորման համար, կամ գունավոր քվեաթերթիկերը, դրանցից յուրաքանչյուրը, էսպես, փոքրիկ գործիքներ են, որոնք հանրագումարի մեջ ի վերջո աշխատելով՝ պիտի արդյունք տան»,- ասում է նախարարը:

Նախագծի ամենաքննադատված նորամուծություններից մեկը տարածքներում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունն է: Ընդդիմադիրները պնդում են՝ դա խոստացված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը չէ: Նախարարը հակադարձում է՝ «Եթե ամբողջ խնդիրն այն էր, որ տարածքային ցուցակներում կարող են առաջադրվել մարդիկ, ովքեր տարածքներում ազդեցություն ունեն, էդ նույն մարդիկ կարող էին լինել համապետական ցուցակներում: Այսինքն՝ տարածքների մեծացումը ենթադրում է, որ անհատի գործոնը չի կարող լինել այնպիսին, որ այդ անհատը ինչ-որ բան էդտեղ թելադրող լինի: Առաջին հերթին, համամասնական ընտրական համակարգը ենթադրում է կուսակցության համար քվե ստանալ և կուսակցության համար աշխատել: Որևէ ձևով տարածքային ցուցակի թեկնածուներին չի երաշխավորվում մանդատի առկայությունը որևէ պարագայում: Սա նշանակում է, որ կուսակցության դերն է ընդգծվում»,- պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, պնդում է՝ փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է ոչ թե ոսկե միջին՝ մեծամասնականի ու համամասնականի միջև, այլ 100 տոկոսանոց կուսակցական ցուցակներ: Ասում է՝ նոր մոդելն էլ չի խոչընդոտի մարզպետներին ու տեղական մյուս ղեկավարներին՝ իշխող կուսակցության օգտին ձայներ հավաքելու հարցում։

«Այսինքն, բոլոր պետական, հանրային ռեսուրսներն իրենք օգտագործելու են հենց այդ անձանց միջոցով: Քվեաթերթիկի մի կողմում պետք է լինի այդ անձանց անունները, նրանք իրենց լծակները բանեցնելով՝ ուղարկելու են մարդկանց ընտրատարածք, որպեսզի իրենց քվեարկեն, մյուս կողմում լինելու է Հանրապետական կուսակցության անվանումը»,- ասում է Փոստանջյանը:

Ընդդիմադիրները քննադատում են նաև այն դրույթը, որով կոալիցիա կարող է կազմվել առավելագույնը երեք ուժերի միջև: Զարուհի Փոստանջյանն ընդգծում է՝ իշխող կուսակցությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել իր համար՝ զրկելով փոքրամասնություններին միավորվելու և կառավարություն ձևավորելու իրավունքից: «Այդ ինչո՞ւ եթե դու 20 կամ 30 տոկոս ունես, քեզ միացողները իրավունք ունեն կազմելու կոալիցիա, իսկ մնացածները, ովքեր ամեն մեկը 10 տոկոս ունեն, իրար հետ միավորվելու իրավունք չունենա՞ն. սա հակասում է տրամաբանությանը»,- նշում է Փոստանջյանը:

Արդարադատության նախարարը հակադարձում է՝ կոալիցիա ստեղծող ուժերի հարցում սահմանափակում են մտցրել՝ միջազգային պրակտիկան հաշվի առնելով. - «Կոալիցիաներ ձևավորելը համարվում է ընտրողի թիկունքում որոշակի դաշինքների ձևավորում կամ ընտրողի թիկունքում տեղի ունեցած համաձայնություն: Եվ դրա համար է, որ Սահմանադրությունն էլ, միջազգային փորձին համահունչ, նախատեսել է, որ 3-ից ավել կուսակցություններ չմասնակցեն կոալիցիային»:

Նախագծի հաջորդ ամենաքննադատված դրույթը ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թվի սահմանափակումն է: Արփինե Հովհաննիսյանը պնդում է՝ մի քանի տասնյակ ընտրություններ անցկացնելուց ու փորձ կուտակելուց հետո իշխանությունները որոշել են, որ քվեարկությանը միաժամանակ կարող են հետևել 8 դիտորդ ու լրագրող՝ սահմանափակ տարածքի պատճառով։ Նախորդ ընտրությունները ակտիվ դիտարկած իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, իշխանության այդ փաստարկները անհիմն է համարում՝ նշելով. - «Պետք է խնդրի լուծումը դիտարկել բոլորովին այլ կերպ՝ ոչ թե ելնել ընտրատեղամասի տարածքի սահմանափակ լինելուց, այլ ընտրական տեղամասի տարածքը սահմանել՝ ելնելով գրանցված դիտորդական կազմակերպությունների թեկնածուների, լրատվամիջոցների քանակից: Դիտորդներն ու լրատվամիջոցներն են խախտումները կանխողները: Նրանց թիվը նվազեցնելով՝ ըստ էության, նպաստում ես, որ ընտրախախտումները ծավալվեն»:

XS
SM
MD
LG