Մատչելիության հղումներ

logo-print

Եվս երկու ընտրակեղծարար դատապարտվեց ամենամեղմ պատժի


Վարդանուշ Աթեյանի դատավարությունը, Երևան, 15-ը փետրվարի, 2016թ.

Վարդանուշ Աթեյանի դատավարությունը, Երևան, 15-ը փետրվարի, 2016թ.

Հանրաքվեի ժամանակ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար այսօր ևս երկու ընտրակեղծարար դատապարտվեց օրենքով նախատեսված ամենամեղմ պատժին՝ դրամական տուգանքի:

Նրանցից մեկը 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, համատիրության կառավարիչ Վարդանուշ Աթեյանն էր, ով քվեարկել էր 3-ի փոխարեն:

«Դատարանը վճռեց Վարդանուշ Պետրոսի Աթեյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի՝ համարժեք 500,000 ՀՀ դրամի չափով», - վճիռն ընթերցեց դատավոր Ռոբերտ Պապոյանը:

Համատիրության կառավարիչը, ով պնդում է, որ կեղծել է «այո»-ի օգտին հանուն իր գաղափարների, միջնորդել էր իրեն դատել արագացված ընթացակարգով՝ առանց ապացույցների ուսումնասիրման:

«Խնդրում եմ մեղմ մոտենալ, քանի որ ունեմ հաշմանդամ, անկողնային ամուսին», - իր վերջին խոսքում դատարանին դիմեց Վարդանուշ Աթեյանը:

Հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած և մինչ օրս դատարան մտած մյուս գործերի նման այս մեկով էլ փորձ չարվեց պարզել ընտրակեղծիք կատարելու դրդապատճառն ու նպատակը:

59-ամյա Աթեյանը, ով դատարանում պնդեց, որ տան միակ աշխատողն է, չպարզաբանեց՝ ինչ միջոցներով է վճարելու կես միլիոն տուգանքը:

Նրա շահերի պաշտպան, փաստաբան Ժաննա Կոտիկյանը ասաց, որ որևէ մեկը իր պաշտպանյալի փոխարեն չի վճարելու․ - «Որևէ կուսակցություն առայսօր նրան որևէ հարցում չի ընդառաջել, չի օժանդակել և չեմ կարծում, որ կուսակցությունը նրա նախատեսված պատիժ-տուգանքը կարող է վճարել»:

Նախկինում իրավապահ համակարգի աշխատակից փաստաբանը պնդեց՝ համատիրության կառավարիչն արդեն հետևություններ է արել և դժվար թե դատավճռից հետո նորից նման քայլի գնա․ - «Գուցե կատարման պահին նա հետևանքները այդքան լավ չի պատկերացրել, բայց հիմա, երբ նա հասկացավ, որ անկախ նրանից՝ սկզբունք է, ցանկություն է և այլն, եթե կատարում է քրեորեն պատժելի արարք, ուրեմն պետք է պատասխան տա օրենքի առաջ»:

Կրկնակի քվեարկություն կատարելու համար այսօր մեկ այլ ընտրակեղծարար՝ թիվ 104 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Անահիտ Աթայանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում դատապարտվեց 600 հազար դրամ տուգանքի։

XS
SM
MD
LG