Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը կոչ է անում օրենքով ամրագրել քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը


Քվեարկություն Երևանում, 6-ը դեկտեմբերի, 2016թ.

Քվեարկություն Երևանում, 6-ը դեկտեմբերի, 2016թ.

Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ իշխանություններին կոչ են անում նոր Ընտրական օրենսգրքում ամրագրել քվեարկությանը մասնակցած մարդկանց անունների հրապարակումը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սա համարում են մի շարք ընտրակեղծիքներ կանխող մեխանիզմ։

Նախաձեռնության հեղինակ «Իրազեկ քաղաքացիների միավորման» անդամ Դանիել Իոաննիսյանը այս օրերին դատարաններում քննվող կրկնաքվեարկության գործերն է օրինակ բերում․- «1, 2, 10, 20 դեպք կարող ենք արձանագրել, ուղարկել մարդկանց դատարաններ, բայց ինչքան դեպքեր կան, որ այդպես էլ չբացահայտված մնացին և որոնք կարող էին կանխվել, եթե ընտրողների մասնակցության ցուցակները հրապարակեին»,- ասաց Իոաննիսյանը։

Հաշվի առնելով իշխանական ճամբարից նկատվող մերժողական տրամադրությունները՝ հասարակական կազմակերպությունները միասնական հայտարարությունը նաև Վենետիկի հանձնաժողով են ուղարկելու՝ հորդորելով դրական եզրակացություն չտալ Երևանից ստացած ընտրական փաթեթին, եթե դրանում տեղ չգտնի ցուցակները գաղտնազերծող դրույթը:

Նախաձեռնությանը միացած «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը եզրակացրել է՝ ինչու է իշխող Հանրապետականն այսպես կտրուկ մերժում այս պահանջը.- «Ցանկալի արդյունքները ստացվում են բացակա անձանց փոխարեն քվեարկությամբ։ Երբ մենք անընդհատ ասում ենք՝ ստորագրում են բացակա կամ քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն, հերքում են, թե դրանք մերկապարանոց հայտարարություններ են, որ սուտ են։ Ես դա կարող եմ հերքել միայն իմ օրինակով. Հանրաքվեի օրը իմ փոխարեն քվեարկել են իմ տեղամասում, և ով, որ իբրև քվեարկել էր իմ փոխարեն, քվեարկությանը ընդհանրապես չէր մասնակցել։ Դա ես պարզել եմ զուտ սիրողական հետաքրքրությունը բավարարելու համար»։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը, որ ձևավորելով Ժողովրդավարության ազգային պլատֆորմ, առաջիկա օրերին օրենսգրքի վերաբերյալ առաջարկությունների իր փաթեթն է ներկայացնելու, ևս միացել է հայտարարությանը։

«Չեն ուզում որևիցե զիջում կատարել, որովհետև դա գլխավոր գործիքն է, դրանով են հիմնականում բազմակի քվեարկություն, ուրիշի տեղը ստորագրելով լցոնումներ կատարում։ Հենց ցուցակների գաղտնիությունն է թույլ տալիս իշխանությանը կատարել այդ կեղծիքները»,- ասում է նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը և Դանիել Իոաննիսյանը տարակուսած են իշխանությունների հակափաստարկից, թե հրապարակելով քվեարկողների անունները, կխաթարվի նրանց անձնական կյանքի գաղտնիությունը: Հայաստանյան օրենսդրությամբ գաղտնի է քվեարկությունը, թե ում ես ընտրել, բայց ոչ մասնակցությունը։

«Չադրայով չենք գնում ընտրական տեղամաս»,- հեգնում է Իոաննիսյանը.- «Բազմաթիվ մեխանիզմներ կան իմանալու, թե այս կամ այն անձը եկե՞լ է ընտրական տեղամաս, թե՞՝ ոչ»։

«Մանավանդ 21-րդ դարում, երբ կան տեսախցիկներ, կան հանձնաժողովի անդամներ, բոլորը տեսնում են դա, այսինքն մարդը չի կարող գաղտնի գնալ ընտրատեղամաս քվեարկելու։ Պարզապես դեմագոգիա է իրենց կողմից, որ պաշտպանում են մասնակցության գաղտնիության իրավունքը»,- հավելեց Գրիգորյանը։

Մերժելով ընդդիմադիրների այս պահանջը՝ ժամանակին իշխանությունները Վենետիկի հանձնաժողովն էին վկայակոչում։ Հերիքնազ Տիգրանյանը մատնացույց է անում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրերս հրապարակած զեկույցը, որն ընդգծում է՝ ցուցակների հրապարակումն արգելված չէ միջազգային իրավունքով, կիրառվում է որոշ երկրներում, եվրոպացի դիտորդներն անգամ Միացյալ Թագավորության օրինակն են բերում: Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը, ըստ Տիգրանյանի, քիչ թե շատ վստահություն կապահովի, հետևաբար այդ գործիքը պետք է օրենքով ամրագրվի։

«Այլապես ցանկացած մեխանիզմ՝ կլինի էլեկտրոնային քվեարկությունը... կդառնա անարդյունավետ և նորից կասկածելի»,- ասաց հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն։

Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներն առայժմ չեն հրապարակում տեքստը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքներում ներգրավված չէ, բայց հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը արմատական է տրամադրված։

«Դա միանշանակ կխախտի քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Ես մնում եմ իմ տեսակետին, ի դեպ, այդ տեսակետը համահունչ է միջազգային ստանդարտներին»,- պնդեց Մուկուչյանը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հակադարձում են՝ պետք է հաշվի առնել երկրում ստեղծված մթնոլորտը, նաև ընտրացուցակների վիճակը։ «Հայաստանի ընտրողների ցուցակում կա Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ, ով 1895 թվականի ծնված է, այն պարագայում, երբ աշխարհում ամենատարեց մարդը 1899 թվականի ծնված է։ Տարեցը քվեարկե՞լ է այդ օրը, թե չէ»,- հարցնում է Դանիել Իոաննիսյանը։

XS
SM
MD
LG