Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձանագրած խախտումների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործ հարուցել 6/19 ընտրատեղամասում խախտումների վերաբերյալ, որտեղ դիտորդ է եղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Դուգլաս Ուեյքը։

Իրավապահները քրեական գործի հարուցումը մերժել են հանցագործության դեպքի բացակայության հիմքով, մինչդեռ հանրաքվեի վերաբերյալ հրապարակված զեկույցում միջազգային դիտորդները, նկարագրելով Աջափնյակի այդ տեղամասում տեսածը, գրել էին.- «Տեղի է ունեցել շահարկում հօգուտ «այո»-ի՝ Հանրապետականի վստահված անձանց և հանձնաժողովի որոշ անդամների կողմից, մասնավորապես, որոշ վավեր «ոչ» քվեաթերթիկներ անօրինական կերպով հանվել են, իսկ հետո վերադարձվել են որպես անվավեր քվեաթերթիկներ կամ դրվել են սխալ փաթեթում»։

Այս խախտումների կապակցությամբ իրավապահներին էր դիմել Հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ խմբակցության Արամ Մանուկյանն ասում է.- «Հիմնավորում են, որ իբր չի եղել այդպիսի բաներ, բնականաբար, հարցրել են ՀՀԿ-ի վստահված անձանց, ովքեր արել են այդ խախտումները, ինչն արձանագրված է էստեղ։ Նրանք էլ ասել են՝ ոչ մի խախտում չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Դուգլաս Ուեյքը արձանագրել է էդ խախտումները, նկարահանել է, և այդ խախտումները տեղ են գտել ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում»։

Աջափնյակի այդ ընտրատեղամասի հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Աշոտ Հովհաննիսյանը պատմում է՝ հաշվարկի ընթացքում ավելի քան կրկնակի աճել է անվավերների թիվը։ Սկզբում, ասում է, առանձնացրել են վավեր «այո» և «ոչ» քվեաթերթիկները անվավերներից և այդ ժամանակ միայն 20 քվեաթերթիկ է անվավեր եղել։ Հետո սկսել են մանրամասն հաշվարկը։ Հանձնաժողովի նախագահը «ոչ»-ի հաշվարկն իրեն է հանձնարարել, ինչը, սակայն, հանձնաժողովի որոշ անդամների դուր չի եղել։ «Ոչ»-ի քվեաթերթիկները սկսել են հաշվել հանձնաժողովի այլ անդամներ ևս, արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվը 20-ից դարձել է 56՝ հիմնականում հենց «ոչ»-ի հաշվին։ 6/19-ում «այո»-ն հաղթել է ընդամենը 11 ձայնի տարբերությամբ։

«Երբ որ «այո»-ն մեր մոտ հաղթեց, էդ պահին վստահված անձինք, հանձնաժողովի անդամները հանգստացան, իրենք էլ էին ասում, որ մենք մեր ուզածին ոնց որ հասանք»,- պատմեց Հովհաննիսյանը։

«Իրենց քաղաքականությունը փողոցի բարոյականության մակարդակի վրա է»,- ասում է Արամ Մանուկյանը.- «Էն հանցագործները, էն խուլիգանները, որոնց ուժերով իրենք կեղծել են հանրաքվեն, նրանց պետք է պաշտպանեն։ Իրենց գողերին, խուժանին պաշտպանելու խնդիր ունեն։ Դատարաններում գործերը շատ արագ են գնում, քննությունները մեղադրանքներ չեն բերում, մարդկանց կալանավորման որոշումներ չեն բերում կամ պայմանական են ազատազրկվում։ Այսինքն սեփական խուժանին պաշտպանելու խնդիրը իրենց համար ավելի կարևոր է, քան միջազգային կառույցի նկատմամբ պարտավորությունների իրականացումը։ Իրենք թքած ունեն ԵԱՀԿ-ի առջև ստանձնած, Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի մեր խոստումների, պարտավորությունների վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG