Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությանը պետբյուջեից հատկացվող գումարները տարեցտարի աճում են


Արխիվ -- Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարի Բաղրամյան պողոտայից, 12-ը սեպտեմբերի, 2015թ․

Արխիվ -- Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարի Բաղրամյան պողոտայից, 12-ը սեպտեմբերի, 2015թ․

Մինչդեռ իրավապաշտպանները արդյունավետության ավելացում չեն տեսնում

Այս տարի Կառավարությունը Ոստիկանությանը հատկացրել է ավելի քան 40 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվանից ավելի է շուրջ 1 միլիարդով, 2014-ից՝ 6, 2012-ից՝ 15 միլիարդ դրամով:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց բյուջեն թափանցիկ է, հատկացվող ամեն մի լուման՝ հիմնավորված: Ըստ Ոստիկանության, 2016-ի բյուջեի ավելացումը պայմանավորված է աշխատակիցների աշխատավարձի աճի, էլեկտրաէներգիայի թանկացման և մի քանի այլ գործոններով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը փորձել է ուսումնասիրել Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները: Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի խոսքով, թե՛ ոստիկանների թիվը, թե՛ Ոստիկանության վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները գաղտնի են պահվում:

«Ոստիկանության կողմից ամեն ինչը գաղտնի պահելը խոչընդոտում է որևէ օբյեկտիվ ուսումնասիրության: Մենք կարող ենք օրինակներ բերել, բայց մենք չենք կարող թվեր բերել, որովհետև ոստիկանությունը դա դասում է ծառայողական գաղտնիք: Հնարավոր չէ օբյեկտիվ ուսումնասիրել՝ ինչքանով են իրենք խնայում վառելիքը, ինչքանով են խնայում մարդկային ռեսուրսները և աշխատում նվազագույն մարդկային ռեսուրսներով կատարել այն նպատակները, որոնք իրենք պարտավոր են կատարել և այլն», - ասում է Իոնիսյանը: - «Բազմաթիվ ոլորտներ կան, որոնցից զգացվում է, որ Ոստիկանությունում խնայել չգիտեն և չեն ցանկանում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնք կնպաստեն խնայմանը: Պարզ օրինակ՝ ենթադրենք ունենք խաչմերուկ, խաչմերուկում տեղադրված չէ հետիոտնի համար լուսաֆոր և հետիոտնի լուսաֆորին փոխարինում են չորս ոստիկաններ: Բիլբորդներ կան քաղաքում Ոստիկանությանը գովազդող՝ ոչ մի զարգացած երկրում երբեք չես տեսնի, որ Ոստիկանությունը գումարներ ծախսի ինքն իրեն գովազդելու համար», - հավելում է նա:

Ըստ Իոնիսյանի՝ Ոստիկանության աշխատանքի արդյունավետության լավագույն օրինակներից է այն, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ որևէ խախտում Ոստիկանության կողմից չի հայտնաբերվել․ - «Այդ բոլոր խախտումները հայտնաբերել են կա՛մ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կա՛մ լրագրողները, կա՛մ ընդդիմության ներկայացուցիչները: Որևիցե խախտում Ոստիկանությունը չի հայտնաբերել, ոչ մի հատիկ»:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին վեց տարիներին Հայաստանում հանցագործությունների թիվը կրկնապատկվել է՝ 9 հազարից հասնելով 18 հազարի:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով, պատճառը ոչ թե Ոստիկանության անարդյունավետ գործունեությունն է, այլ հակառակը՝ հիմա ավելի շատ է բարձրաձայնվում հանցագործությունների մասին:

Ոստիկանությունը վերջերս կազմակերպություններից մեկի հարցումներով ճանաչվել է «Տարվա լավագույն իրավապահ մարմին», ինչը, ըստ Ահարոնյանի, վկայում է հանրության կողմից Ոստիկանությանը տրված դրական գնահատականի մասին:

Օրեր առաջ էլ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր հայտարարել, որ ինքը հպարտ է ոստիկաններով:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ իշխանությունները, մեծացնելով ոստիկանության բյուջեն, ցանկանում են իրենց ձեռքում ունենալ հզոր մահակ՝ օրինակ հանրային ընդվզումները ճնշելու համար, ինչպես եղավ նախորդ տարվա հունիսի 23-ին՝ Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ժամանակ:

«Արդեն ավելացած բյուջեով ի՞նչ էր անում Ոստիկանությունը՝ ամենաահավոր, ամենաբռնի գործողությունները: Իշխանությունը խիստ անհրաժեշտություն ունի Ոստիկանության ներկայության ամենուր: Կարծես մեր ստվերը լինեն ոստիկանները: Ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումները շարունակվում են, և դա փաստում են նաև վերջին զեկույցները միջազգային կառույցների, մենք ինքներս դա գիտենք, մենք տեսնում ենք փողոցում այդ ծեծուջարդը, այդ բռնի վերաբերմունքը: Ես չգիտեմ ինչի՞ համար են բյուջեով ավելացնում Ոստիկանության գումարները», - ասում է իրավապաշտպանը:

XS
SM
MD
LG