Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Գասպարյանը հպարտ է ոստիկաններով, իսկ ակտիվիստները բռնություններն են հիշեցնում


Վլադիմիր Գասպարյանը և նրա երկու տեղակալները ոստիկանության կոլեգիայի նիստում, 20-ը հունվարի, 2016թ.

Վլադիմիր Գասպարյանը և նրա երկու տեղակալները ոստիկանության կոլեգիայի նիստում, 20-ը հունվարի, 2016թ.

Վլադիմիր Գասպարյանը պատվով է ամփոփում անցած տարին։ «Կազմակերպված, միաբանված, ամուր, ուժեղ, դաստիարակված ոստիկանական զորքերով։ Ես հպարտանում եմ»,- երեկ երեկոյան Ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարել է նա։

Կոլեգիայի նիստում բարձրաստիճան իրավապահները մեկը մյուսի հետևից ամբիոն էին բարձրանում՝ հայտնելու, որ բարեփոխումներն արդյունք են տալիս, մարդիկ իրենց արդեն վստահում են: Բաղրամյանի ցույցը ցրած ոստիկանապետեր Հունան Պողոսյանն ու Լևոն Երանոսյանը գոհ են։

«Ոստիկանության զորքերը ժամանակին և ողջ ծավալով կատարել են իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է Երանոսյանը։

«Ձեռնարկված միջոցառումները նպաստել են ծեծի ու խոշտանգման, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկայի իսպառ վերացմանը»,- հայտնել է Պողոսյանը։

Թե որքանով է ծեծը վերացել, իր մաշկի վրա զգացել է Ամանորի գիշերվա ընդդիմադիր Ձմեռ պապ Կարո Եղնուկյանը։ «Վլադիմիր Գասպարյանը երևի Հայաստանի ոստիկանապետը չէ, որովհետև այն, ինչն է ասում, կարող է մեկ ուրիշ երկրի մասին է խոսում, բայց ոչ Հայաստանի»,- ասաց նա։

Եղնուկյանը հետաքրքվում է՝ տարեկան վիճակագրությունում ոստիկանները ներառե՞լ են ակտիվիստների չբացահայտված ծեծերը, իրենց մեքենաներն այրողներին չհայտնաբերե՞լն էլ են դրական ցուցանիշ համարում։

«Սա միայն կարող է պատահել այն երկրում, որտեղ ոստիկանությունը համագործակցում է քրեական տարրերի հետ»,- ասաց նա։

Գագիկ Եղիազարյանը Վլադիմիր Գասպարյանի ելույթին հակադրում է, օրինակ, տարեց մարդուն հասցված ոստիկանական ապտակը, Գագիկն ինքը իրավապահների դեմ բողոք է ներկայացրել, թե Նոր տարվա գիշերն բռնության է ենթարկվել։

«Ոստիկանները աջ ու ձախ հարվածում էին ով դուրս էր գալիս իրենց դիմաց։ Այդ ամենը շատ պարզ երևում է կադրերում, թող պարոն Գասպարյանը դնի ուշադիր նայի ու հասկանա, թե ինչքան «լավ» են աշխատել իրենք ու ինչքան պիտի ժողովուրդը «վստահի» ոստիկանությանը»,- ասաց ակտիվիստը։

Վլադիմիր Գասպարյանը, սակայն, ինքն է ընդդիմադիրներին կարգի հրավիրում․ ենթակաների առջև ոստիկանապետը հատուկ անդրադարձավ հանրահավաքներին.- «Տեսնում ենք այդտեղ դժվար ընկալում։ Ես ուզում եմ, որպեսզի տարբերություն լինի անհնազանդության, օրինական ճանապարհների և զոռբայության մեջ։ Եթե ոստիկանությունից էսօր մենք վերացրել ենք զոռբայությունը, հասարակության մեջ դա մենք իրավունք չունենք ընդունելու»։

Ընդդեմ ոստիկանական բռնությունների այսօր փողոց դուրս եկած ցուցարարները օտարերկրյա դեսպանատներին էին նամակներ հանձնում, համոզված են՝ Վլադիմիր Գասպարյանը իրականության հետ կապ չունեցող ելույթներով փորձում է Արևմուտքից ստացած դրամաշնորհներն արդարացնել։

«Ամենամեծ գրանտակերները Հայաստանում քաղաքացիական ակտիվիստները չեն, դա ոստիկանությունն է»,- ասաց Կարո Եղնուկյանը։

«Բարեփոխված ոստիկանությունը դեռ չի նշանակում գեղեցիկ հագնված և լավ զինված ոստիկանություն»,- նկատեց Գագիկ Եղիազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG