Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ. Human Rights Watch


Ոստիկանները բերման են ենթարկում «Էլեկտրիկ Երևանի» ցուցարարին, 23-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանները բերման են ենթարկում «Էլեկտրիկ Երևանի» ցուցարարին, 23-ը հունիսի, 2015թ.

Freedom House-ը ևս փաստում է՝ Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկրներից մեկը։

Միջազգային Human Rights Watch կազմակերպությունն այսօր հրապարակել է մարդու իրավունքների խախտումների մասին տարեկան զեկույցը, որի համաձայն՝ 2015 թվականին Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ։

Ըստ զեկույցի՝ առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում կազմակերպությունն ընդգծում է ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ:

Իրավապաշտպանները նաև մտահոգություն են հայտնում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրինականության վերաբերյալ՝ վկայակոչելով դիտորդների պնդումները լայնածավալ ընտրակաշառքների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների դեպքերի մասին։

Որպես հավաքների ազատության սահմանափակման օրինակ` Human Rights Watch-ն առանձնացնում է հունիսի 23-ին էլեկտրականության թանկացման դեմ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանության կիրառած բռնությունը:

«Ոստիկանները հարձակվել և ձերբակալել են բազմաթիվ լրագրողների, որոշ դեպքերում, կոտրելով կամ բռնագրավելով տեսախցիկներ` վերացնելով իրադարձությունների լուսանկարներն ու տեսանյութերը: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարների և պահել նրանց օրվա մեծ մասը` ազատելով առանց մեղադրանք առաջադրելու»,- ասված է զեկույցում։

Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականի՝ հավաքներն արգելելու համար տարբեր դեպքերում նաև ֆիզիկական բռնություն և ձերբակալություններ են կիրառվել, մասնավորապես, ծեծի է ենթարկվել «Ազատամարտիկների դաշինք» անկախ խմբի անդամ Սմբատ Հակոբյանը, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից օրեր առաջ ձերբակալվել են «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման հինգ անդամները, ովքեր ծրագրել էին ապրիլի 24-ին հավաք անցկացնել։

Համաձայն Human Rights Watch-ի՝ Հայաստանում իրավապահ մարմինները չեն հետաքննել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի պնդումներն այն մասին, թե իրենց ոստիկանները ծեծի են ենթարկվել։ Հարությունյանն ու Վարդանյանը իրենց 13 ընկերների հետ ձերբակալվել էին 2013 թվականի նոյեմբերի 5-ին՝ դեպի նախագահական նստավայր երթի ժամանակ։

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է նաև Հարությունյանի համախոհ Հայկ Կյուրեղյանի մասին, ով օդամղիչ ատրճանակից մի քանի կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման է դատապարտվել, ինչը, ըստ զեկույցի, անհամաչափ ծանր պատիժ է համարվում։

ԶԼՄ-ների ազատության մասով Human Rights Watch-ն ընդգծում է, որ 2015 թվականին արձանագրել է լրագրողների նկատմամբ բռնությունների 19 դեպք, որոնցից 13-ը՝ հունիսին անցկացված «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ընթացքում, և բացի նկատողություններից, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել հարձակումների համար:

Ըստ միջազգային զեկույցի՝ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը կալանավայրերում շարունակում են տարածված մնալ Հայաստանում։ Զեկույցի հեղինակները փաստում են, որ բռնություն է կիրառվում ազատազրկման վայրերում` հատկապես խոստովանություններ կորզելու նպատակով: Որոշ զոհեր չեն բողոքարկում` վախենալով, որ հետաքննությունն արդյունավետ չի լինի: Հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ խոշտանգումների անպատժելիությունը:

Այսօր տարեկան զեկույց է հրապարակել նաև Freedom House կազմակերպությունը, որը դիտարկել է 195 երկրներում քաղաքացիական ազատությունները։ Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկրներից մեկը։ Առաջնորդվելով 7-բալլանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենաազատն է, իսկ 7-ը՝ ամենաանազատը, Freedom House-ը Հայաստանում քաղաքական համակարգի ազատությունը գնահատում է 5, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 4 միավորով: Լեռնային Ղարաբաղում գրեթե նույն պատկերն է. այնտեղ քաղաքացիական և քաղաքական ազատությունները ստացել են 5-ական միավոր։

Freedom House-ի զեկույցի համաձայն, ազատությունների վիճակն ավելի վատ է հարևան Ադրբեջանում, որը ոչ ազատ երկրների շարքում է. քաղաքական ազատությունները գնահատվել են վատագույն՝ 7 միավորով, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 6-ով։

Հարավային Կովկասի երրորդ երկրում՝ Վրաստանում, իրավիճակն անհամեմատ բարվոք է։ Այս երկրում թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ազատություններն արժանացել են 3 միավորի։ Վրաստանում մամուլը ևս համարվել է կիսաազատ, ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, որտեղ մամուլը, ըստ Freedom House-ի, ոչ ազատ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG