Մատչելիության հղումներ

Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում «վիճակը կայուն անբավարար է»


Ավետիք Իշխանյան, արխիվ

Ավետիք Իշխանյան, արխիվ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է իր ամենամյա զեկույցը:

Բռնություններ, քաղաքական հետապնդումներ, խոսքի, հավաքների ազատության ճնշումներ ու խոշտանգումներ: 2015 թվականի ընթացքում մարդու իրավունքների նմանատիպ խախտումների մասին է բարձրաձայնում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հրապարակած ամենամյա զեկույցը:

Կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով, իրենք մեծ ցանկություն ունեն գրել մարդու իրավունքների ոլորտում դրական տեղաշարժերի մասին, սակայն վիճակը «կայուն անբավարար է»:

«Իրավիճակը, որպես կանոն, չի փոխվում, երբեմն լինում է, որ որոշ իրավունքներ ավելի են վատանում, հետո որոշ իմաստով կանոնակարգվում է վիճակը, բայց համակարգային փոփոխություններ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում չեն գրանցվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իշխանյանը։

Զեկույցում որպես տարվա ամենանշանակալի իրադարձություն նշվում է ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալված պայքարը: Ըստ զեկույցի, հունիսի 23-ին ոստիկանները Բաղրամյան փողոցում ծավալվող հավաքը ցրել են բռնության գործադրմամբ:

«Երբ որ քաղաքացիական կամ քաղաքական ինչ-որ ակտիվ շարժում է լինում, որոնք իշխանությունների կարծիքով վտանգ են ներկայացնում իրենց իշխանության համար, ապա այդ տարի մենք ունենում ենք հետընթաց նախորդ՝ ավելի ճահճային տարիների նկատմամբ», - ասաց իրավապաշտպանը։

Զեկույցն անդրադառնում է նաև ներքաղաքական զարգացումներին՝ հիշատակելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հեռացումը քաղաքականությունից, նշվում է, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Սահմանադրության փոփոխությունները, քանի որ չէր կարող երրորդ անգամ նախագահ ընտրվել:

«Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը մեծ ազդեցություն գործեց սահմանադրական հանրաքվեի արդյունքների վրա», - գրում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ հանրաքվեն անցել է կոպիտ խախտումներով՝ լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, դիտորդների ու լրագրողների հասցեին սպառնալիքներ:

Վեց բաժիններից բաղկացած զեկույցում անդրադարձ կա նաև նախորդ տարվա մայիսին Գորիսի «Սդղի գյոլում» տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում երկու եղբայրներից մեկը կորցրեց մի աչքի տեսողությունը, իսկ մյուսը լուրջ մարմնական վնասվածք ստացավ։

«Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց, ավելին՝ նա դարձավ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական», - հիշեցնում են զեկույցի հեղինակները:

2015 թվականին, ըստ զեկույցի, նախորդ տարվա համեմատ 24-ով ավելացել են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների դեպքերը: Հեղինակների պնդմամբ՝ լրագրողների նկատմամբ արձանագրվել է ֆիզիկական բռնության 8 դեպք, որոնց արդյունքում տուժել են լրատվամիջոցների 23 աշխատակիցներ:

Զեկույցի համաձայն, բռնությունները շարունակվում են նաև ոստիկանությունում. կալանքի տակ գտնվող 60 անձանցից 15-ը բարձրաձայնել է իր նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումների մասին:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով, կա համակարգային խնդիր, որը տարիների ընթացքում չի լուծվում: «Իրավիճակը համակարգային է նաև այն պատճառով, որ ոչ թե իշխանություններն են ուժեղ, որովհետև հիշենք մի բան, որ մարդու իրավունքները իշխանություն-մարդ հարաբերություններն են, այլ ներքևի ճնշումը՝ հասարակությունն է թույլ, նրանց ուժը հասարակության թուլության մեջ է», - ասաց իրավապաշտպանը։

Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ երեկ զեկույց էր հրապարակել նաև միջազգային Human Rights Watch կազմակերպությունը: Զեկույցի համաձայն, 2015 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մնացել է անհարթ։

XS
SM
MD
LG