Մատչելիության հղումներ

Հերմինե Նաղդալյանը չի բացառում ԵԽԽՎ-ի աշխատանքները բոյկոտելու տարբերակը


Հերմինե Նաղդալյան

Հերմինե Նաղդալյան

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան լիագումար նիստից հետո հնարավոր է՝ որոշում կայացվի հայաստանյան պատվիրակության կողմից Վեհաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը գլխավորող Հերմինե Նաղդալյանը:

«Չեմ կարող ասել, որ [լիագումար նիստից հետո կկայացվի որոշումը], հնարավոր է, որ մենք մեր որոշումը ունենանք նաև մինչ այդ՝ տեսնելով զարգացումները»,- ասաց Նաղդալյանը։

Միևնույն ժամանակ Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահը հավելեց՝ իր անձնական կարծիքով բոյկոտը լավագույն տարբերակը չէ:

«Պատվիրակությունը այս պահի դրությամբ չի քննարկել այդ թեման, որովհետև այսօր պատվիրակությունը քննարկում և իրագործում է աշխատանքային ընթացիկ խնդիրները և փորձում է գտնել այն ռեզերվները, որոնք կարող են մեզ օգտակար լինել և թույլ տալ, որպեսզի լիագումար նիստի ժամանակ մենք որոշակիորեն բեկում մտցնենք գործընթացի մեջ։ Եվ որևէ այլ բնույթի որոշումները կկայացվեն միայն այն պարագայում, երբ կտեսնենք, որ այլ ռեզերվ չունենք»,- Նաղդալյանը։

ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովում երեկ հավանության արժանացավ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցը: «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրված զեկույցը դեռ հրապարակված չէ, սակայն հայաստանյան ներկայացուցիչների խոսքով՝ այն ունի հակահայկական բնույթ և վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող Սարսանգի ջրամբարին:

Քսան օր առաջ ԵԽԽՎ մեկ այլ՝ Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովում ընդունվեց Լեռնային Ղարաբաղին առնչվող ևս մեկ վիճահարույց զեկույց: Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած փաստաթուղթը կոչվում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և այն կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:

Ըստ կարգի, այդ երկու զեկույցները այժմ պետք է քվեարկվեն գալիք տարի հունվարին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում:

Մարկովիչի զեկույցին արձագանքել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ News.am-ի հետ զրույցում այն անվանելով շինծու փաստարկների հիման վրա կազմված փաստաթուղթ:

Հերմինե Նաղդալյանը այսօր պնդեց, որ ԵԽԽՎ-ում մեկը մյուսին հաջորդող հակահայկական բանաձևեր են ընդունվում, որովհետև Խորհրդարանական վեհաժողովում «համապատասխան իրավիճակ է ստեղծվել»: Մեր հարցին՝ իսկ իր գլխավորած պատվիրակությունը ինչո՞ւ չի կարողանում Հայաստանի շահերին համապատասխան իրավիճակ ստեղծել, պատասխանեց.- «Այնպես չէ, որ մենք չենք կարողանում պաշտպանել մեր շահերը, դուք ինքներդ ականատես եք եղել, որ գոնե վերջին մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ նման հարձակումներ, բազմաթիվ նման արշավի էպիզոդներ»։

Նաղդալյանը հավելեց՝ ՀՀԿ-ում չի քննարկվել պատվիրակության կազմը փոխելու հարց:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում հաջողելու համար Հայաստանի պատվիրակությունը նախ պետք է ադրբեջանցիներին հայհոյելու փոխարեն խոսի այն լեզվով, որ եվրոպացիները հասկանում են, երկրորդ՝ գործի ճիշտ մարտավարությամբ:

«Եվ երրորդը կոորդինացիայի խնդիրն է։ Ցավոք, բացակայում է նախագահի աշխատակազմի, արտգործնախարարության և պատվիրակության միջև կոորդինացիան։ Ըստ էության, գործում է պատասխանատվությունը իրարից գցելու ու մյուսի վրա դնելու հոգեբանությունը։ Արտգործնախարարությունը պատվիրակության վրա է գցում, պատվիրակությունը գցում է արտգործնախարարության վրա, և չկա հստակ կոորդինացիա և որոշումների մեխանիզմ»,- ասաց Զուրաբյանը։

Խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի համաձայն, Ադրբեջանը կարողացել է իրեն ձեռնտու զեկույցներ անցկացնել երկարատև աշխատանքի և իր լոբբիստական համակարգի ձևավորման արդյունքում, ինչը տարիներ շարունակ չեն արել Հայաստանի իշխանությունները:

«Ցավոք, մենք ավելի շատ խնդիրները դնում էինք անհատական հատկությունների վրա՝ այն, որ մեր ելույթը կլինի ավելի լավ գրված, կամ այն, որ արդարությունը մեր կողմն է։ Ցավոք, պարզվեց, որ կարելի է ձևավորել համակարգ, որտեղ հենց նույն եվրոպական մի ինստիտուտ, տարբեր հանձնաժողովներ հնարավոր է ուզուրպացիայի ենթարկել այլ հետաքրքրություններով»,- ասաց պատգամավորը։

XS
SM
MD
LG