Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի հանձնաժողովում ԼՂ-ին վերաբերող զեկույցի ընդունումը «Հայաստանի դիվանագիտության պարտությունն է»


Բրիտանացի պատգամավոր Ուոլթերի հեղինակած զեկույցում կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովի կողմից վիճահարույց զեկույցի ընդունումը ընդդիմադիր պատգամավորները հայկական դիվանագիտության պարտությունն են համարում:

Նշենք, որ վեհաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ զեկույցում կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ, եթե հայկական կողմը ճիշտ ռազմավարություն ունենար, ապա հնարավոր կլիներ խուսափել նման ձևակերպումներից: Նախ՝ հայկական պատվիրակությունը ոչ թե պետք է պայքարեր զեկույցի ընդունումը կանխելու ուղղությամբ, առավել ևս, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ դա չի հաջողվելու, այլ պետք է փորձ արվեր զեկուցողին փոխարինել ավելի չեզոք անձով, ինչպես նաև փոխել զեկույցի վերնագիրը:

Զուրաբյանի համոզմամբ, չկար նաև կոորդինացված աշխատանք հայաստանյան պատվիրակության և արտգործնախարարության միջև․ - «Սա միանշանակ Հայաստանի դիվանագիտության պարտությունն է: Այս ամենի արմատական պատճառը իշխանությունների կողմից ճիշտ մշակված ռազմավարության բացակայությունն էր»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով, եթե ճիշտ ռազմավարություն մշակվեր և կոորդինացված աշխատեին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունն ու երկրի արտգործնախարարությունը, «շատ բարձր հավանականություն կար», որ զեկույցի ընդունումը կանխվեր:

Նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ ևս վիճահարույց զեկույցի ընդունումը ոչ-պրոֆեսիոնալ աշխատանքի և բարձիթողի վիճակի արդյունք է:

Իսկ հայտարարությունները, թե Ադրբեջանը նավթադոլարներով կաշառում է եվրոպացի պատգամավորներին, Արզումանյանի ձևակերպմամբ՝ ընդամենը «տկարությունը քողարկելու ձև է»․ - «Եվրոպայի ոչ բոլոր պատգամավորներն են կաշառված, և նրանց հետ պարզապես աշխատել է պետք: Սա դիվանագիտական աշխատանք է, ենթադրում է ամենօրյա կոնտակտներ, ենթադրում է բոլոր շահագրգիռ պատգամավորների հետ անհատական աշխատանք, այցելություններ, բացատրություններ, ինչը մենք զլացել ենք անել»:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, պնդում է՝ զեկույցի ընդունումը կանխելու համար արվել է ամեն ինչ: Հայկական կողմը բարձրաձայնել է գոյություն ունեցող շահերի բախման մասին․ որ զեկույցի հեղինակը՝ բրիտանացի Ուոլթերը, նաև Թուրքիայի քաղաքացի է, իսկ նրա՝ ազգությամբ թուրք կինը Ադրբեջանում բիզնեսներ ունի և այլն․ - «Ցավոք սրտի, մենք այսօր ապրում ենք այն իրականության մեջ, որ խավիարը և դոլարը շատ ավելի բարձր արժեք են, այո՛, նաև Եվրոպայի խորհրդում, որը պիտի որ պաշտպաներ առաջին հերթին մարդու իրավունքը, քան քո ճշմարտությունը»:

Այսպիսով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը մտավ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ինքն իրատես է և կարծում է, որ նիստում զեկույցը նույնպես կընդունվի: Հայկական կողմը, սակայն, պետք է ամեն ինչ անի՝ զեկույցում տեղ գտած խիստ հակահայ ձևակերպումները չեզոքացնելու համար:

Զոհրաբյանը նաև նշեց, որ անգամ լիագումար նիստում ընդունվելուց հետո, զեկույցն ունենալու է խորհրդատվական բնույթ:

Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, հակադարձում է՝ Հայաստանը գտնվում է այնպիսի բանակցային գործընթացում, որտեղ յուրաքանչյուր ստորակետ իր նշանակությունն ունի․ - «Այսպիսի տարբեր ֆորմատներում ընդունվող բանաձևերը կամաց-կամաց փոխում են տրամաբանությունը, և բանակցությունների գործընթացում ի հայտ են գալիս այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետագայում խուսափել դժվար է լինում»:

Լևոն Զուրաբյանը նույնպես կարծում է․ որ սա լուրջ հետընթաց է Հայաստանի համար․ - «Փաստաթուղթը վատ է նրանով, որ նա ձևավորում է մթնոլորտ միջազգային հարաբերություններում: Նույն ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները և ադրբեջանամետ պատգամավորները հղումներ են կատարելու զեկույցի վրա»:

Վիճահարույց այս զեկույցը այսօր քննարկվեց նաև խորհրդարանում: Հաջորդ տարվա պետբյուջեի քննարկումներին մասնակցող փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, մասնավորապես, չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք դրա ընդունումը ԵԽԽՎ-ի հանձնաժողովում Հայաստանի դիվանագիտության պարտությունն է:

Նազարյանը սոսկ նշեց, որ միջազգային այդ կառույցում հանդես է գալիս Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, և ԱԳՆ-ն այդ գործընթացում ներգրավված է ընդամենը խորհրդակցական կարգավիճակով:

Ինչ վերաբերում է բուն զեկույցին, Նազարյանը նշեց, թե չի կարող դրան լուրջ վերաբերվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա հեղինակն անմիջական կապ ունի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» հետ․ - «Որևէ քայլ, որը ուղղված է շեղելու Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, հղի է քաղաքական կարգավորման գործընթացը վտանգելու սպառնալիքներով: Այսպիսին է նպատակը Ուոլթերի և նրան աջակցողների՝ Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս բերել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից: Բայց ես չեմ կարծում, դրանով իսկ կարող է ինչ-որ բան փոխվել»:

Հարցին անդրադարձավ նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը․ - «Ոնց որ Ադրբեջանի պատվիրակությունը մի հատ որդնած խնձոր լինի, որը ընկել է այդտեղ ու բոլոր խնձորներին որդնացնում ա»:

«Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի կոնկրետ հարցադրմանը, թե ինչ գործողություններ է նախապատրաստում Հայաստանը Ադրբեջանի քայլերին հակազդելու համար, Քոչարյանն արձագանքեց․ - «Պետք է նախապես աշխատել, ձգտել, որ կարևորագույն մեր համար հարցերի ժամանակ նրանք, ովքեր իրոք կիսում են մեր դիրքորոշումը, որ իրենք ներկա գտնվեն: Որ չլինի այն իրավիճակը, որ մենակ իրանց, ներողություն կոպիտ բառի համար՝ կաշառված մարդիկ գալիս են ու ձեռքը տնկում»:

XS
SM
MD
LG