Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն դեռ չի բացահայտում Սերժ Սարգսյանի մասնակցության ձևը քարոզարշավին


Սերժ Սարգսյանը մասնակցում է նախընտրական քարոզարշավի Տավուշի մարզում, 26-ը հունվարի, 2013թ.

Սերժ Սարգսյանը մասնակցում է նախընտրական քարոզարշավի Տավուշի մարզում, 26-ը հունվարի, 2013թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն ինքը կհայտարարի սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին իր մասնակցության ձևի մասին, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Հանրապետականի «Այո»-ի շտաբի պետի տեղակալ, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ այդ հարցը Սերժ Սարգսյանն իրենց հետ առայժմ հետ չի քննարկել:

«Իր մասնակցության ձևի մասին կհայտարարի հանրապետության նախագահը։ Իր հետ չենք քննարկել։ Իր ներգրավվածությունը ինքը պետք է որոշի»,- ասաց Բաղդասարյանը։

Պատասխանելով հարցին, թե չի՞ բացառվում, որ Սերժ Սարգսյանը միանա քարոզարշավին, մարզային այցելություններին, Բաղդասարյանը հորդորեց մի քանի օր համբերել, և ամեն ինչ պարզ կդառնա.- «Ես չեմ ուզում ենթադրություններով խոսել»։

Ի դեպ, նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես եկած երկրի ղեկավարը մասնակցելո՞ւ է քարոզչությանը, և եթե այո, ապա ի՞նչ ձևով, նշեց, թե քարոզչության հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմել Հանրապետականի շտաբին:

Շաբաթ օրը Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբն առաջին նիստն անցկացրեց՝ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում որոշվեցին շտաբի պետի տեղակալները, որոնց ընտրությունը բավական ուշագրավ է: Մասնավորապես, Վահրամ Բաղդասարյանից բացի շտաբի պետի տեղակալներ են նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով «Տաշիր Գրուպ»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը և Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը:

Թե ինչու է որոշվել հենց այս անձանց վրա դնել քարոզչության պատասխանատվությունը, առայժմ Հանրապետականը չի մանրամասնում: Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե քարոզչության ընթացքում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը կոնկրետ ինչո՞վ է զբաղվելու, Հանրապետականի շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե առայժմ հստակեցված չէ:

Իշխող կուսակցության «Այո»-ի շտաբի պետի մյուս տեղակալ Կարեն Կարապետյանը նույնպես քչախոս էր: Նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ պետք է ժողովուրդը «այո» ասի սահմանադրական բարեփոխումներին, բայց ամեն դեպքում համոզմունք հայտնեց, որ դրանք կընդունվեն.- «Ես կարծում եմ, որ կհաջողվի»։

«Մարտավարությունը շատ սովորական կլինի, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ մարզային այցելություններ կլինեն, բայց յուրաքանչյուր տարածքում մոտեցումը «սպեցիֆիկ կլինի».- «Ըստ տարածքների կկողմնորոշվենք՝ դահլիճային հանդիպումներ կլինեն, մեծ, թե՝ փոքր հանդիպումներ կլինեն»։

Հարցին էլ, թե ո՞րն է լինելու Հանրապետականի գլխավոր ուղերձը, Կարապետյանը հրաժարվեց պատասխանել- «Գիտեք, այդ թեմայով արդեն այնքան են խոսել, ավելորդ եմ համարում խոսել»։

Մինչդեռ Հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարդացել է և գիտի, թե ինչու պետք է «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին.- «Որովհետև լավ օրենք ա, ապագայի օրենք ա։ Գնա, կարդա, կիմանաս՝ ինչով է լավ։ Ես կարդացել եմ»։

Հանրապետական Ռուզաննա Մուրադյանն էլ մանրամասնեց՝ ընդգծելով, թե սահմանադրական բարեփոխումները լայն հնարավորություն են ստեղծում ընդդիմության համար։

«Բոլոր հնարավորությունները տրված են այս Սահմանադրությամբ ընդդիմությանը բերելու, ներքաշելու, հրավիրելու, համագործակցելու և աշխատելու»,- ասաց Մուրադյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Հանրապետականը որոշել մտածել ընդդիմության մասին, իշխող խմբակցության պատգամավորը պատասխանեց.- «Հանրապետականը միշտ է մտածում ընդդիմության մասին, հակառակ դեպքում ընդդիմություն այսքան չափով ներկայացված չէինք ունենա։ Պարզապես հիմա հնարավորություն է ստեղծվում՝ ընդդիմությունը ինքն էլ մտածի իր մասին»։

Հանրապետական Առաքել Մովսիսյանը, ով հայտնի է «Շմայս» մականունով, առավել քան հակիրճ գտնվեց՝ մեկ բառով արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ պետք է «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին.- «Անցանք, լա՛վ»։

Հանրապետական Կարինե Պողոսյանը նույնպես լակոնիկ էր.- «Իսկ ի՞նչ պետք է ասել, եթե ոչ «այո»։

XS
SM
MD
LG