Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նույնականացման քարտով քվեարկություն նախատեսող օրինագծին


Պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ և 24-ժամյա արտակարգ ռեժիմով արդեն առաջիկա քառօրյայում քվեարկության կդրվի Հանրապետականի ներկայացրած օրինագիծը, որն առաջարկում է ընտրելու իրավունք տալ նաև նույնականացման քարտով:

Ընդ որում, ըստ օրինագծի, նույնականացման քարտ ստացած ավելի քան կես միլիոն քաղաքացու քվեարկության մասին վկայող որևէ դրոշմանիք չի դրվելու:

Հանձնաժողովի դրական վերաբերմունքին չարժանացավ, սակայն, Տիգրան Ուրիխանյանի՝ նույն հարցին վերաբերող նախագիծը, որը նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելու իրավունք տալուց բացի, առաջարկում է նաև վերահսկողական մեխանիզմ ներդնել․ հատուկ սարքեր հատկացնել հանձնաժողովներին՝ քվեարկությունն արձանագրելու և կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով:

Հանրապետականի հիմնական փաստարկը հետևյալն է․ տեխնիկապես չեն հասցնի մինչև հանրաքվեն համապատասխան սարքեր գնել և տեղադրել:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ գործող համակարգից կես քայլ շեղվելու դեպքում ամբողջ ընտրական համակարգը խաթարվելու է․ - «Մենք փորձենք նոր մեխանիզմ դնել և հանձնաժողովներին տանք այլ իրավունքներ կամ պարտականություններ՝ դա նույնն է, որ մենք մեր ձեռքով օրենքի մեջ գրենք, որ այս հանրաքվեն տանելու ենք դեպի տապալում»:

Իշխող քաղաքական ուժի նախաձեռնությանը ձեռնպահ քվեարկած Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) հիշեցրեց, որ ժամանակին նույնականացման քարտով քվեարկելու հնարավորությունը հանվեց Ընտրական օրենսգրքից հենց այն պատճառով, որ չկային վերահսկման մեխանիզմներ․ - «2011 թվականին, երբ այս օրենսգիրքը ընդունվում էր, այդ հարցը այն ժամանակ կար: Եվ Դավիթ Հարությունյանը, որ նախագիծն էր ներկայացնում, խոստացավ, որ կներկայացվի պատշաճ, համարժեք վերահսկողական մեխանիզմ: Չի ներկայացվել․․․ Հիմա դուք համարում եք, որ միայն նույնականացման քարտը, առանց որևէ լրացուցիչ բանի, բավարա՞ր է, որպեսզի հանրության վստահությունը վերականգնվի»:

Սահմանադրական փոփոխություններին կողմ Դաշնակցության ներկայացուցչի կարծիքով, եթե տեխնիկական սարքերը ներդնելը ծախսատար և ժամանակատար է, ապա այլ իրատեսական մեխանիզմներ կան․ - «Գոնե նույնականացման քարտեր ունեցող անձանց ցուցակը հրապարակվի, և դրանք տրամադրվեն հանձնաժողովներին, որպեսզի հանձնաժողովներում յուրաքանչյուր հակառակ կողմի ներկայացուցիչ կարողանա պատշաճորեն վերահսկել՝ արդյո՞ք անձը նույնականացման քարտով է գալիս քվեարկության և հաշվառված է այդ բնակավայրում, թե՞ ոչ»:

Սահմանադրական փոփոխությունների հարցում հակադիր ճամբարում գտնվող Տիգրան Ուրիխանյանը հորդորեց ընդունել գոնե Արծվիկ Մինասյանի առաջարկը․ - «Այդ դեպքում ես ավելի մեղմ դեմ կքվեարկեմ այս նախագծին»:

Դաշնակցական պատգամավորի առաջարկի ճակատագիրը դեռ անորոշ է: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, թե հարցը հարկավոր է քննարկել Ոստիկանության հետ․ - «Ոչ թե մենք պատրաստ չենք որևէ մեխանիզմի ներդրման: Մենք չենք ուզում, որ այդ լրացուցիչ մեխանիզմը ստվերի այդ գործընթացը, որը մենք սկսել ենք»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչդեռ, վստահ է, որ լրացուցիչ մեխանիզմների կարիք չկա․ գործող օրենսդրությունը կրկնաքվեարկության դեպքերը բացառում է նույնիսկ այն դեպքում, եթե նույնականացման քարտի վրա ոչ մի նշում չկատարվի:

Արծվիկ Մինասյանին, սակայն, Մուկուչյանը չի համոզում․ - «Այլ հավասար պայմաններում պարոն Մուկուչյանի ասածը ճիշտ կարող էր լինել: Սակայն նկատի առնելով, որ երկրում ձևավորվել է անվստահություն․․․ Պատահական չէ, որ ժամանակին, երբ նույնականացման քարտերի օրենսդրության շրջանակներում ներմուծվում էր այս հասկացությունը նաև Ընտրական օրենսգիրք, կասեցվեց նույնականացման քարտերով քվեարկությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ, մասնավորապես, եթե անձնագիրը ունի դրոշմակնքման վերահսկողական ինստիտուտը, ապա նույնականացման քարտերով այդպիսի մեխանիզմ չկա»:

Հանձնաժողովի անդամներից օրինագծին դեմ քվեարկեցին Տիգրան Ուրիխանյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Էդմոն Մարուքյանը:

Վերջինս ասաց․ - «Ինչ վերաբերում է նույնականացման քարտերով քվեարկողներին ընդհանրապես, ապա ես գտնում եմ, որ նրանք իրավունք պետք է ունենան քվեարկելու, որովհետև մենք չենք կարող ուղղակի ինչ-որ ձևական բնույթի նկատառումներով մարդկանց սահմանադրական իրավունքը սահմանափակել: Ուղղակի պետք է այն մտահոգությունները, որ կան, փարատվեն»:

XS
SM
MD
LG