Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը քննադատում է նախագահի ելույթը ԵԺԿ համագումարում։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մադրիդում հնչեցրած այն հայտարարությանը, թե ժողովրդական քվեարկության դրված սահմանադրական փոփոխությունները «շարունակելու են զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը»։

«Շատ հրաշալի տեքստեր են իրենք գրում Եվրոպայում խոսելու համար։ Եվրոպացիների համար դա հաճելի է, իրենց բառապաշարի մեջ է, ասենք՝ իշխանության տարանջատում, հավասարակշռություն, հակակշիռների մեխանիզմ, ընդդիմությանը լայն լիազորություններ տալ։ Դա եվրոպական բառապաշար է, բայց իրականության մեջ, երբ որ նայում ենք այս նույն՝ նոր Սահմանադրության տեքստը, մենք տեսնում ենք, որ դա իրականությունից բավականին հեռու է», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով. - «Այնպես է թվում, թե Հայաստանում ընդդիմադիր դաշտի բոլոր ներկայացուցիչները, իրական ընդդիմադիրները բոլորը խելագարի սինդրոմով են տառապում, իրենց համար լավ բան են ուզում անեն այս իշխանությունները, էս ընդդիմադիրներն էլ, չգիտես ինչու, չեն ուզում այդ լավ բանը»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշեց, որ թեև իշխանությունները խոսում են ընդդիմությանը լայն լիազորություններ տալու մասին, բայց նրանց գործողությունները բոլորովին հակասում են դրան։

«Հիմա այս մի քանի օրն արդեն տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցության, որ Ազգային ժողովում մեծամասնություն է, խմբակցության ղեկավարը [Վահրամ Բաղդասարյանը], իրավապահներին հորդորում է ապօրինի գործողություններ իրականացնել։ Ասում է՝ «ձեռքներդ ծալած չպետք է նստեք», և կեղծ տեղեկություն տալով, իբրև թե մենք բռնությունների կոչ ենք արել: Իրականության մեջ մենք հակառակն ենք ասել, ասել ենք՝ «ժողովուրդը պետք է պատրաստ լինի իշխանությունների կողմից բռնություններին, և եթե իշխանություններն ապօրինի գործողություններ իրականացնեն՝ բռնություններ կիրառեն, մենք ստիպված պետք է պատասխանենք»։ Եթե և պատասխանելու մասին է եղել խոսքը, և ոչ թե մենք կոչ ենք արել՝ «ժողովո՛ւրդ, գնացե՛ք բռնությունների», - ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, իշխանությունները նաև հերթական ապատեղեկատվությունն են տարածում՝ հայտարարելով, թե քաղաքացիական անհնազանդությունն ապօրինի գործընթաց է։

«Մեր Սահմանադրական դատարանի մեկնաբանությունների մեջ Գագիկ Հարությունյանը շատ հստակ նշում է, որ սա օրինական քայլ է քաղաքացիների կողմից», - ասաց Մարտիրոսյանը։

Դիտարկմանը, որ ընդդիմության պնդմամբ՝ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե Վենետիկի հանձնաժողովի անդամները կաշառվել են, քաղաքական հայտարարություն է և այդտեղ որևէ քրեական գործ չի կարող հարուցվել նրա դեմ, ու հարցին, թե Վահրամ Բաղդասարյանը, իր հերթին, չի՞ կարող ասել, որ ինքն էլ խմբակցության ղեկավարն է և ինքն էլ իրավունք ունի հայտարարություններ անել, որոնք պետք է համարվեն քաղաքական, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Չէ, ճիշտ չէ, որովհետև Վահրամ Բաղդասարյանն իշխանության ներկայացուցիչ է, ով ունի լիազորություններ, ով ունի լծակներ՝ ի տարբերություն Լևոն Զուրաբյանի, և Լևոն Զուրաբյանը իրավապահներին չի ասել՝ «կոնկրետ այս մարդուն գնացեք բռնեք, ինչ-որ գործողություններ իրականացրեք»։ Այսինքն՝ ապօրինության կոչ չի արել»։

«Բավականին տարբեր մոտեցումներ են, որովհետև առաջինի դեպքում՝ Վահրամ Բաղդասարյանի դեպքում, իշխանության ներկայացուցիչն է կոնկրետ ապօրինի գործողության կոչ անում, իսկ այն մյուս դեպքում, իսկապես, մենք կարող ենք հավանել կամ չհավանել իր ասածը, բայց ընդամենը կարծիք էր, որ այդպես է», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հոկտեմբերի 25-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG