Մատչելիության հղումներ

«Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունը ավարտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը։

Ամփոփելով խորհրդատվական ծառայության 1-ին փուլը՝ հոսանքի թանկացման որոշումն ուսումնասիրող ընկերությունն արձանագրում է՝ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից 6.93 դրամով բարձրացնելու ՀԾԿՀ-ի որոշումը հիմնավորված է․ սակագինն անփոփոխ թողնելը սպառնալիքներ կստեղծեր երկրի ամբողջ էներգահամակարգի կայունության համար, քանի որ հոսանք մատակարարող միակ ընկերությունը՝ ՀԷՑ-ը, հայտնվել էր դեֆոլտի եզրին։

«Կարգավորող մարմինը, վերլուծելով ամբողջ ֆինանսական վիճակը և որպեսզի խուսափի հետագա ֆինանսական կոլապսային իրավիճակներից և համակարգը չբերի կրախի, գնացել է այն քայլին, որ այս վերջին մնացորդը փոխհատուցման մեկ տարում է կատարել, և ինչպես գրված է այդ խորհրդատվական ընկերության փաստաթղթում՝ գտնում է, որ դա արդարացված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր․ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:

Թանկացման որոշումը չեղարկելու պահանջով Բաղրամյանը երկու անգամ փակած «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը եզրակացությունը զայրացրել է, սակայն փողոց դուրս գալ դեռ չեն շտապում:

«Մենք ասել ենք, որ փողոցային պայքարով է լինելու ամեն ինչ, բայց այս պահին նոր է հայտարարությունը, դեռ մասնագետների հետ էլ քննարկելու խնդիր ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար հարկատուների հաշվին 230 հազար դոլար ստացած ընկերությունն ուսումնասիրությունների առաջին փուլում նոր խախտումներ չի բացահայտել։ 30-էջանոց նկարազարդ փաստաթղթում «Դելոյթ և Տուշ»-ի մասնագետներն, ըստ էության, վերաշարադրել են թանկացումն ի սկզբանե արդարացնող պաշտոնյաների փաստարկները՝ ՀԷՑ-ը միլիարդավոր դրամների վնասներ է կրել սակավաջրության և ատոմակայանի չնախատեսված 88-օրյա դադարի պատճառով։

«Բնականաբար սպասելի էր, որ պիտի հայտարարվեր, որ լինելու է հիմնավոր, քանի որ նախկինում էլ ՀԾԿՀ-ի որոշման հիմքում էլ դրված են եղել նույն փաստերը, որոնք շինծու փաստեր են, բազմիցս ասվել է դրա մասին թե՛ մեր կողմից, թե՛ բազմաթիվ մասնագետների կողմից», - ասում է Մաքսիմ Սարգսյանը:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը հավելում է․ - «Եթե նպատակը հանրության վստահությունը բարձրացնելն է, հանրությունը մի շարք այլ հիմնախնդիրներ էր ասում, որոնք այստեղ արտացոլում չեն գտել: Իշխանության գրեթե նույն ձևակերպումները լիովին արտացոլված են այստեղ»:

Էներգետիկ համակարգում բազմաթիվ չարաշահումներ արձանագրած տնտեսագետի համոզմամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ուսումնասիրություններն անիմաստ են, խնդիրները թաքնված են ռուսական ընկերության ներսում:

«Դելոյթ և Տուշ»-ի մասնագետները փաստերն ուսումնասիրելու նպատակով հանդիպումներ ունեցել են ՀԷՑ-ի ներկայացուցիչների հետ, վստահեցնում է ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

«Հանդիպման ժամանակ նրանք խնդրեցին, որ մենք չմասնակցենք: Առանձին է եղել այդ հանդիպումը», - ասում է նա:

Ի դեպ՝ արդարացված համարելով թանկացման որոշումը, «Դելոյթ և Տուշ»-ը միաժամանակ փաստել է՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց 49 դրամ սակագինն ամենաբարձրն է ԱՊՀ-ի տարածքում: Հայաստանյան սպառողները հոսանքի համար վճարում են երկու անգամ ավելի, քան հարևան Վրաստանում և գրեթե երեք անգամ ավելի՝ Ռուսաստանից:

2009 թվականից մինչ այսօր հոսանքի ավելի քան 120 տոկոս թանկացումը «Դելոյթ և Տուշ»-ի մասնագետների կարծիքով համապատասխանում է վերջին 15 տարիների սղաճի դինամիկային:

Կառավարությունից առայժմ չեն պատասխանում՝ այս եզրակացությունից հետո դեռ որքա՞ն է գործադիրը փոխհատուցելու էլեկտրաէներգիայի թանկացումը: Մեր այս հարցումն այսօր մնաց անպատասխան:

XS
SM
MD
LG