Մատչելիության հղումներ

«Տաշիր գրուփ»-ը «Ինտեր ՌԱՕ»-ից կգնի Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվները


«Տաշիր գրուփ»-ը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Այդ գործարքը արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից, այն ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «Հրազդանի ՋԷԿ»-ը կշարունակեն ամբողջ ծավալով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։

«Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում «Հայկական էլեկտրական ցանցերի» կառավարումը»,- հայտարարել է «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Հետագա զարգացման ծրագրերի մեջ մտնում է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ նպատակ ունենալով օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև բաշխիչ ցանցերի փուլային արդիականացումը։

Հաղորդագրությունում նաև ասված է, որ ՀՀ բնակչությանը աջակցելու նպատակով որոշվել է բնակչության և փոքր բիզնեսի համար հաջորդ տարվա ընթացքում սեփական խնայողությունների հաշվին ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը։

«Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավար խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկն էլ, ըստ հաղորդագրության, ասել է, թե ՀԷՑ-ը տնօրինելու տարիների ընթացքում իրենց ընկերությունը կատարել է ներդրումներ, փորձել է կրճատել ծախսերը, ինչի արդյունքում բարելավվել են արտադրական ակտիվների ձևավորած արդյունքները:

«Մենք պայմանավորվել ենք «Տաշիր» ընկերության հետ այս գործարքը կատարել` հաշվի առնելով ակտիվների արդարացի արժեքը: Հենց նման մոտեցումն է հնարավորություն տվել կողմերին՝ հասնելու առավելագույն տնտեսական արդյունքի»,- ասել է Կովալչուկը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG