Մատչելիության հղումներ

Ակտիվ պայքարի վերադարձած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը չի շտապում նոր հանրահավաքներ ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպել:

Կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանը և Ռիմա Սարգսյանը, խոսելով իրենց հետագա ծրագրերի մասին, հայտարարեցին, որ այժմ նախաձեռնությունը զբաղված է հասարակությանը մոբիլիզացնելու մեխանիզմների փնտրտուքով։

«Մեր խնդիրը ոչ ոստիկանության հետ է, ոչ էլ երևալը: Ինքնանպատակ բաներ անելու կարիք չունենք», - նշեց Մաքսիմ Սարգսյանը:

Ուրբաթ օրվա հանրահավաքն ու դրան հաջորդած երթը դեպի Բաղրամյան պողոտա ըստ ակտիվիստների հաջողված էր, թեև ոստիկանությունը բավական հեշտությամբ բացեց պողոտան և բերման ենթարկեց մոտ հինգ տասնյակ ցուցարարների, իսկ նրանցից մի քանիսն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Ակտիվիստների խոսքով պար հիշեցնող օպերացիան, հունիսի 23-ի լուսաբացի հետ, իհարկե, չի համեմատվի, բայց այն նույնպես շատ ցավոտ էր։

«Կրեատիվ մոտեցում էր, այսպես ասեմ, ոստիկանների կողմից: Արտաքինից այդպես է թվում, բայց իրականում իր ուժը, ոստիկանները որ այդպես հրեցին, բաժանեցին քաղաքացիներին, նաև վնասվածքներ են պատճառել», - պատմեց Ռիմա Սարգսյանը:

Նախաձեռնության անդամները չեն ընդունում ոստիկանության պնդումները, թե ակցիան անօրինական էր։ Դեպի Բաղրամյան պողոտա երթն արտոնված չէր, բայց ցուցարարները համոզված են՝ օրենք չի խախտվել, երթուղուց շեղվելը եղել է ինքնաբուխ։

«Ոստիկանությունը իր հայտարարության մեջ ընդունում է, որ ինքնաբուխ է եղել, որովհետև 6 ժամ տալը դա հենց ինքնաբուխի սահմաններում այն ժամանակահատվածն է, որը օրենքով թույլատրելի է», - նշեց Ռիմա Սարգսյանը:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժումը չի ընդունում նաև իրեն հասցեագրված քննադատությունները, թե շարունակական բողոքի ակցիաներով նախաձեռնությունն իրականում փորձում է շեղել հասարակության ուշադրությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացից։ Ակտիվիստները վստահեցնում են՝ պատրաստ են աջակցել նաև մայր օրենքի փոփոխությանը ընդդիմացող ուժերին։ Շաբաթ օրը «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը տասնյակ այլ քաղաքական և քաղաքացիական կազմակերպությունների հետ ստորագրել է միասնական փաստաթուղթ՝ ձևավորելով «Ոչ»-ի ճակատ:

«Մենք բազմիցս ասել ենք, որ դեմ ենք բարեփոխում կոչվածներին», - նշեց Մաքսիմ Սարգսյանը:

Ի դեպ՝ շաբաթ լուսաբացին բերման ենթարկված մոտ հինգ տասնյակ ակտիվիստների մեծ մասը ոստիկանությունում որևէ արձանագրության տակ չի ստորագրել, վարչական տուգանքի դեպքում էլ պատրաստ են բողոքարկել որոշումը։

XS
SM
MD
LG