Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումներին դեմ պայքարող «Չե'ք անցկացնի» շարժումը Հայաստանում և սփյուռքում դրամահավաք է սկսել՝ սեպտեմբերից մեկնարկող բողոքի ակցիաներն ավելի համակարգված կազմակերպելու համար։ Գումարի սահմանափակում չկա, բայց քաղաքական կուսակցություններից հանգանակություն չեն ընդունելու։

«Հստակ գումար չկա, զրո դրամից մինչև անվերջ գումար կարող են քաղաքացիները փոխանցել։ Ոչ մինիմալ կա, ոչ մաքսիմալ»,- նշեց նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

«Որևէ ուժից կամ կոնկրետ քաղաքական նպատակ հետապնդող անհատից ֆինանսավորում ստանալը կախվածություն է առաջացնում։ Բայց հանրության կողմից ֆինանսավորում ստանալը կազմակերպչական հարցեր լուծելու համար նաև հանրության մոտ վստահություն է ստեղծում»,- հավելաց նախաձեռնության մեկ այլ անդամ Արշակ Մուսախանյանը։

Մայր օրենքի փոփոխությանն ընդդիմացող ակտիվիստները շարունակում են պնդել՝ մասնագիտական հանձնաժողովի հետ բովանդակային քննարկման չեն գնա, շարժման դիրքորոշումը հստակ է՝ սահմանադրական ճգնաժամ չկա, հետևաբար բարեփոխումները պետք է տապալել։

«Սա բարեփոխումների հետ ընդհանրապես կապ չունի, սա սահմանադրական կարգը խախտելու միտում ունեցող գործընթաց է։ Հենց այդ պատճառով էլ մենք դեմ ենք ու կարծում ենք, որ դա պետք է թույլ չտալ։ Եթե թույլ տվեցինք, Սերժ Սարգսյանը չի հեռանալու, իսկ դա նշանակում է, որ իշխանությունը ավելի է կարծրանալու»,- կարծում է Գրիգորյանը։

Նպատակին հասնելու համար «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հանդիպումների շարք էր նախատեսել բարեփոխումները քննադատող ուժերի հետ։ Երեկ և այսօր նախագահականում ընթացող քննարկումներից հետո ակտիվիստները եզրակացրել են՝ «Ոչ»-ի ճամբարում աստիճանաբար ավելի քիչ կուսակցություններ են մնում։

«Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ ինչ-որ բաներ փոխվում են, այսինքն ուժեր, անհատներ, որոնք մինչ այժմ հայտարարություն չեն արել, սկսել են հայտարարություններ անել, կարծիքներ արտահայտել։ Դա արդեն ճամբարների ձևավորում է նշանակում»,- ասաց Մուսախանյանը։

«Եթե ինչ-որ մեկը «Այո»-ի դաշտում է, բնականաբար, դու նրա հետ չես համագործակցի, բայց քանի դեռ «Այո»-ի դաշտում չէ, մենք մտածում ենք, որ հնարավոր է, բայց պետք էր դիրքորոշում, որպեսզի մենք հասկանայինք, թե իրենց հետ համագործակցում ենք, թե՝ ոչ. իրենք իրենց դիրքորոշումը հայտնել են, և բնականաբար, էդ դաշտում համագործակցություն չի լինի»,- նշեց Գրիգորյանը։

Սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող շարժումը խիստ վտանգավոր է համարում ներկա իրավիճակում կառավարման խորհրդարանական մոդելին անցնելը, կարծում են՝ այն Հայաստանը կդարձնի միակուսակցական պետություն։

«Պառլամենտական համակարգերը ավելի դժվար են ժողովրդավարեցել, քան նախագահականները։ Ու պատճառն այն է, որ նախագահական համակարգում երկրի առաջին դեմքը միշտ ստիպված է հեռանալ երկու ժամկետից հետո։ Պառլամենտականում դա չկա, այդ իսկ պատճառով իշխանությունը կարծրանում է, ավտորիտարիզմը ուժեղանում է»,- նշեց նախաձեռնության անդամը։

Փաստելով, որ չնայած Վենետիկի հանձնաժողովի և ընդդիմադիրների քննադատությանը սահմանադրական բարեփոխումների նախագծից այդպես էլ չհանվեց խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու դրույթը, «Չե՛ք անցկացնի» շարժումը նշում է՝ Սերժ Սարգսյանը հենց այս կերպ է փորձում հաստատել ավտորիտար ռեժիմը, ու չնայած նրա հայտարարություններին, թե հնարավոր բարեփոխումներից հետո չի պատրաստվում կառավարման ղեկին մնալ, ակտիվիստները վստահ են՝ պաշտոնավարման ժամկետից հետո Սերժ Սարգսյանը կզբաղեցնի ԱԺ նախագահի աթոռը։

«Սերժ Սարգսյանը ցանկանում է անձնապես մնալ իշխանության ղեկին և Հանրապետական կուսակցությունը ցանկանում է կուսակցական մոնոպոլիա ձևավորել։ Եթե մինչ այժմ մենք ունենք փաստացի մոնոպոլիա, այսուհետև կունենանք իրավաբանական, դե յուրե մոնոպոլիա»,- վստահ է Արշակ Մուսախանյանը։

XS
SM
MD
LG