Մատչելիության հղումներ

logo-print

Քաղհասարակության ներկայացուցիչները 2-րդ փուլի մասին դրույթը իշխանության մենաշնորհի պահպանման ուղի են համարում


Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կռահում է՝ ինչու իշխանությունները սկզբունքորեն չեն հրաժարվում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին աղմկահարույց դրույթից՝ չկատարելով անգամ Վենետիկի հանձնաժողովի պահանջը։

«Ինչպես կարող է լինել պսևդո ժողովրդավարություն կամ պսևդո նախագահական համակարգ և այլն, այնպես էլ կարող է լինել պսևդո պառլամենտական համակարգ։ Երկրորդ փուլ կոչվածը նշանակում է իշխանության մենաշնորհի պահպանում»,- ասում է իրավապաշտպանը։

«Եթե վերցնենք այսօրվա Ազգային ժողովը, ապա Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կազմել է մեծամասնականի շնորհիվ։ Այսինքն պատկերացրեք, որ դասական պառլամենտարիզմի ժամանակ համամասնական ընտրություններով բացարձակ կեղծիքները շատ ակնառու կլինեն։ Նրանք չեն ուզում բացարձակ կեղծիքներ անել, դրա համար մտածել են բավական խորամանկ ձև, այն է՝ առաջին փուլից հետո միևնույն է Հանրապետականը իր լծակներն օգտագործելով կլինի առաջին տեղում, բայց ոչ բացարձակ մեծամասնությամբ, իսկ երկրորդ փուլում արդեն կարող են այնքան կեղծել, որքան անհրաժեշտ է բացարձակ մեծամասնություն ունենալու համար»,- նշեց Իշխանյանը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը շարունակում է՝ չնահանջելով իշխանությունները բացահայտում են իրենց մտադրությունը. փոփոխությունների միակ նպատակը կայուն մեծամասնության ապահովումն է։

«Փաստորեն Սահմանադրությունում ամրագրվում է այն, ինչն այսօր մենք ունենք մեր երկրում։ Ըստ էության, գաղտնիք չէ, որ մեր քաղաքական ներկապնակը շատ տարբեր գույներ չունի, կա միակուսակցական կառավարում, և դա ամրագրվում է Սահմանադրությամբ։ Երկրորդ փուլ մտցնելու գաղափարը ի չիք է դարձնում կուսակցությունները խոշորացնելու, կուսակցական դաշտը բազմազան դարձնելու բոլոր հնարավորությունները, փոխարենը ստեղծում է մեկ գերիշխող կուսակցություն և գուցե մեկ արբանյակային կուսակցություն, որի հետ կգնա երկրորդ փուլ, իսկ դա ի վերջո կհանգեցնի միակուսակցական համակարգի»,- ասաց Տիգրանյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հստակեցնում է իշխանությունների սցենարը՝ արդեն անուններ հնչեցնելով․- «Նախագահական ժամկետը լրանում է, և այլ թեկնածու, որը կարող է թիմը ներկայացնել, չեն գտնում կամ չեն վստահում, և որպեսզի այդ ձևով խմբային, բայց իրականում բովանդակությամբ անձի իշխանությունը ապահովեն, դա հենց այդ երկրորդ փուլի միջոցով է»։

Մասնագիտական հանձնաժողովն, այդուհանդերձ, փաստաթղթի լրամշակված տարբերակում ընդգծեց, թե կայուն մեծամասնությունը կարող է ձևավորվել ոչ միայն ընտրության առաջին փուլի արդյունքում, այլև Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում: Ավետիք Իշխանյանը ենթադրում է՝ գուցե նկատի ունեն կոալիցիա կազմելու ու երկրորդ փուլից խուսափելու հնարավորությունը։

«Երկրորդ փուլ հասկացողությունը պետք է հանվի։ Ի վերջո դա փորձարկված չէ։ Միայն Իտալիայում են նախատեսում են առաջիկայում դա կիրառել։ Ճիշտ է՝ Իտալիայում բազմիցս փոխվել են կառավարությունները, բայց ինչո՞ւ են միայն Իտալիայի օրինակը բերում։ Շատ երկրներ կան, որտեղ եղել է կոալիցիոն կառավարություն՝ բավականին ամուր է եղել և կայուն։ Իտալիան Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկն է։ Ինչո՞վ է խանգարել Իտալիայում կառավարությունների փոփոխությունները՝ երկրի կայուն զարգացմանը։ Բացարձակ չի խանգարել»,- ասաց Իշխանյանը։

Փորձագետները, սակայն, վստահ են՝ երկրորդ փուլը իշխանության հավերժացման հիմնական գործիքն է, ու դժվար թե բարեփոխումները նախաձեռնած Սերժ Սարգսյանը հրաժարվի այդ մտքից։

«Եթե նախագծում կան անգամ որոշ դրական դրույթներ, համակարգի ցանկացած փոփոխություն անընդունելի է, որովհետև վերջնական նպատակը իշխանության վերարտադրումն է»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը։

Արթուր Սաքունցին չեն համոզել իշխանական ճամբարից հնչող մտավախությունները, որ եթե բանակցությունները արդյունք չտան ու չհաջողվի կոալիցիա ձևավորել, կառավարման ճգնաժամ կառաջանա.- «Քաղաքական դաշտում ունենք միակուսակցական համակարգ, տնտեսական դաշտում ունենք նույն կուսակցության տնտեսական մոնոպոլիա, սրա մեջ է ճգնաժամը։ Մոնոպոլ համակարգի բուն էությունն է ապահովել սեփական շահերի բավարարումը»։

XS
SM
MD
LG