Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը մերժեց նախագահական գնալու հրավերը


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արխիվ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արխիվ:

«Ժառանգության» համար սահմանադրական բարեփոխումների նախագիծը «ընդունելի չէ»:

«Ժառանգություն»-ն այօր որոշեց մերժել Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներ անցկացնելու՝ Սերժ Սարգսյանի հրավերը։

«Մեր առաջարկները չեն ընդունվել», - ասաց մարտին նույն հարցով նախագահական գնացած և դրանք ներկայացրած կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ որոշման կայացմանը «ժամանակակից կապի միջոցների օգնությամբ», հետևել է նաև Հայաստանից բացակայող Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե նույնիսկ ներքին կառավարման մասին չխոսենք, միայն այդ հոդվածը արդեն այլևս մեզ համար միանշանակ անընդունելի է: Նկատի ունեմ տարածքային ամբողջականության և վերպետական կառույցներին միանալու հոդվածը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մարտիրոսյանը:

Թե «Ժառանգության» վարչության որ անդամն էր կողմ մասնակցությանը, որը՝ դեմ, չիմացվեց․ մոտ մեկ ժամ տևած քննարկումն ընթացավ փակ դռների հետևում։ Բայց այս որոշումը, Մարտիրոսյանի հավաստմամբ, չի խանգարի խորհրդարանում ակտիվ մասնակցել Սահմանադրության նախագծի քննարկումներին:

«Սահմանադրական փոփոխություններ երկրին պետք են, բայց՝ ոչ այս տեսքով», - համոզված է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «Ժառանգության» համար այժմ ամեն ինչ պարզ է՝ պետք է գլուխ բերել «ոչ»-ի քարոզարշավը․ - «Ուզենք թե չուզենք՝ այս սահմանադրական փոփոխությունների գործընթացին հանդես ենք գալու այն ճակատի դաշտում, որը փորձելու է կասեցնել նմանատիպ նախագծի ընդունումը»:

«Ժառանգություն»-ը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը մերժած երկրորդ քաղաքական ուժն է․ շաբաթասկզբին այդպիսի որոշում էր կայացրել նաև Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը։

Սահմանադրական փոփոխությունների շուրջ նախագահ Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցություններին երեկ մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները, այսօր՝ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, «Ազատ դեմոկրատներ»-ն ու ՀՀՇ-ն։

Վերջինը դեռ «այո» չի ասել Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը։ Նախկին արտգործնախարար, ՀՀՇ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ խորհրդարանական քննարկումների ավարտին քվեարկությամբ դիրքորոշում կհայտնեն։ «Ոչ»-ի պայքարին, կարծես, մտադիր չեն միանալ:

««Ոչ»-ի համար պայքարել, ես գտնում եմ, նորմալ չի լինի այն մարդկանց համար, որոնք մշտապես ցանկացել են, որպեսզի Հայաստանը դառնա պառլամենտական հանրապետություն», - «Ազատության» հետ զրույցում նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։

ՀՀՇ ներկայացուցիչների հավաստմամբ՝ իրենց առարկությունների զգալի մասն ընդունվել է, մնացածն էլ խոստացել են քննարկել։

Արզումանյանի խոսքով՝ իրենց համար սկզբունքային է Սահմանադրությունում ինքնաբուխ հանրահավաքներ անցկացնելու իրավունքի ամրագրումը: Այն ևս չի մերժվել։

Ալեքսանդր Արզումանյանը ծանոթ է այն տեսակետին, թե Սերժ Սարգսյանն այս փոփոխություններով լուծում է վերարտադրության խնդիր։ Ասաց, որ ցանկացած կարծիք հարգում է՝ հավելելով, թե յուրաքանչյուր իշխանություն իր վերարտադրության համար է Սահմանադրությունը փոխել․ - «Ասել, որ այս գործողությամբ լեգիտիմացվում է իշխանությունը, դա նույնն է ասես՝ շաքար չի կարելի ուտել, որովհետև լեգիտիմացվում է Ալեքսանյանի մենաշնորհի իրավունքը այս երկրում: Կամ «Յուքոմ»-ից մի օգտվեք, որովհետև ոմն նախարար դրա սեփականատերն է: Կամ՝ պառլամենտ մի գնացեք որևէ քննարկման և ԵՏՄ-ի մասին ձեր դիրքորոշումը մի հայտնեք, որովհետև դրանով կլեգիտիմացնեք այդ հակապետական քայլը»:

Լրագրողի հարցին, թե նախագահ Սարգսյանը Ազգային ժողովում թեկուզ մեկ ներկայացուցիչ ունեցող քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցության, որպեսզի սահմանադրական փոփոխություններին հավանության տալու դեպքում երաշխավորի նրանց՝ հաջորդ խորհրդարանում ներկայությունը, Արզումանյանն արձագանքեց․ - «Նման հարցեր դուք կարող եք տալ այն մարդկանց, որոնք իրենց կյանքում բազարներով են առաջնորդվել և ոչ թե քաղաքական սկզբունքներով: Մենք առաջնորդվում ենք մեր քաղաքական սկզբունքներով»:

Նախագահական գնալու հրավեր է ստացել նաև ՀԱԿ խմբակցության համամասնական ցուցակով խորհրդարան անցած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը, ով «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ գնալ-չգնալու որոշումը կուսակցության վարչությունը պետք է կայացնի։

«Բոլորին են հրավիրել», - պնդեց Սարգսյանը։

Այնինչ սահմանադրական փոփոխությունների քննադատ «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, օրինակ, նախագահականից հրավեր չի ուղարկվել: Բարեփոխումները «չարեփոխում» որակող ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին՝ նույնպես։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ևս, ինչպես «Ազատությանը» փոխանցեց կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանը, Բաղրամյան 26 չեն հրավիրել․ - «Թող չփորձեն էլ հրավիրել։ Եթե անգամ այդպիսի հրավեր լինի, մենք դա նույնիսկ չենք քննարկի: Ուղղակի կնետենք աղբանոցը»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների թեման համարում է կեղծ օրակարգ:

Նույն թեմայով

XS
SM
MD
LG