Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազը պահանջեց Իսմայիլովային դատապարտել ինը տարվա ազատազրկման


Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Հետաքննող լրագրողը ժպտացել է, երբ լսել է դատախազի պահանջը:

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ դատախազը պահանջել է ինը տարվա ազատազրկման դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային։

Դատավարությունը ընթանում է փակ դռների հետևում: Ադրբեջանում Ֆրանսիայի, Նորվեգիայի, Շվեդիայի դեսպաններին, ինչպես նաև մի խումբ լրագրողների թույլ չեն տվել հետևել դատավարության ընթացքին և նրանք փողոցում էին սպասում լուրերի:

Ինչպես հաղորդվում է, Իսմայիլովան ժպտացել է, երբ լսել է իրեն ինը տարվա ազատազրկման դատապարտելու՝ դատախազի պահանջը:

Ավարտին մոտեցող դատավարության հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 26-ին:

Անցած տարվա դեկտեմբերից անազատության մեջ գտնվող 39-ամյա լրագրողը բացահայտել և հրապարակել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ երկրի ղեկավար Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների կոռուպցիայի մասին լրագրողական հետաքննական նյութեր:

Իշխանությունները նրան մեղադրում են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Իսմայիլովան հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ:

Նրա ձերբակալությունը բողոքի և դատապարտումների լայն ալիք է բարձրացրել մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների և արևմտյան կառավարությունների կողմից:

Amnesty International-ը Խադիջա Իսմայիլովային ճանաչել է խղճի բանտարկյալ: Նրա մայրը՝ Էլմիրա Իսմայիլովան, այսօրվա դատական նիստից հետո ասել է. - «Իմ երեխան որևէ վատ բան երբեք չի արել: Նա միշտ ասել է ճշմարտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG