Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովան դատարանում ասել է, որ ձերբակալվել է Իլհամ Ալիևի պատվերով


Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանությունների քննադատների գործերով լսումներն անցկացնել փակ դռների ետևում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց ներկայացուցիչներին այսօր էլ թույլ չեն տվել հետևել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի դեմ դատական գործընթացին։

Ադրբեջանի մայրաքաղաքից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ դատական կարգադրիչները թույլ չեն տվել դահլիճ մտնել ոչ միայն լրագրողներին, այլ նաև իրավապաշտպաններին, մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, անգամ մեղադրյալի մորը։

Փոխարենը դահլիճի աթոռները զբաղեցրել են պատահական անձինք, ովքեր լրատվամիջոցների պնդմամբ՝ իշխանությունների դրածոներ էին՝ թափանցիկ դատավարության տպավորություն ստեղծելու նպատակով։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ դատական լսումների մեկնարկին դատարանը հնչեցրել է մեղադրական եզրակացությունը՝ առանց ինքնասպանության հասցնելու հոդվածով մեղադրանքին անդրադառնալու, քանի որ գործով տուժող ճանաչված Թուրալ Մուստաֆաևը դատին ներկա չէր։ Հենց Մուստաֆաևի հայտարարության հիման վրա է անցյալ տարվա դեկտեմբերին ձերբակալվել Ալիևի ընտանիքի մութ գործարքները բացահայտած լրագրողը։

Մուստաֆաևը, ով պնդում էր, թե Խադիջան իրեն ինքնասպանության էր հասցրել, ավելի ուշ հերքել է այդ հայտարարությունը՝ ասելով, որ իրավապահների ճնշման արդյունքում է նման հայտարարություն արել։ Իսմայիլովայի պաշտպան Ֆարիզ Նամազլին մեր ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում փոխանցել է, որ միջնորդություն է ներկայացրել հետաձգել այսօրվա դատական նիստը՝ Մուստաֆաևի բացակայության պատճառով, սակայն դատարանը այս և մի շարք այլ միջնորդություններ մերժել է։

Դատարանը որոշել է, որ լրագրողը պետք է ոչ թե իր պաշտպանի կողքին նստի, այլ ապակյա վանդակում՝ նման որոշումը պայմանավորելով մեղադրյալի անձնական անվտանգությամբ։ Անհասկանալի է, թե ումից են պաշտպանում Խադիջային, տարակուսել է փաստաբան Նամազլին։

Նա նաև պատմել է, որ կարգադրիչներն արգելել են անգամ ջրով լի շիշը փոխանցել ապակյա վանդակում ժամեր շարունակ գտնվող լրագրողին։

Այսօր հնչած մեղադրական եզրակացության համաձայն՝ կոռուպցիոն գործարքներ բացահայտած հայտնի լրագրողը պետությունից 40 հազար եվրո հարկ է թաքցրել, չարաշահել է իր պաշտոնական դիրքը, մի շարք ֆինանսական մեքենայություններ է արել, ինչպես նաև զբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ։

Իսմայիլովան ոչ միայն հերքել է իրեն վերագրվող այս և այլ մեղադրանքներ, այլ նաև պնդել, որ չի հասկանում, թե ինքն ինչ կապ ունի մի քանի տասնյակ էջերից բաղկացած մեղադրանքների հետ։ Դատարանը այսօր վստահեցրել է, որ առաջիկայում ամեն ինչ կհստակեցվի։

«Ես ձերբակալվել եմ Իլհամ Ալիևի պատվերով։ Նա ինձ փակել է բանտում իմ լրագրողական գործունեության պատճառով։ Չնայած այն հանգամանքին, որ ես փակի տակ եմ, իմ գործընկերները շարունակում են լրագրողական հետաքննությունները։ Ինձ կալանավորելու իրական պատճառը Ալիևի և նրա ընտանիքի բիզնեսների վերաբերյալ հետաքննություններս են»,- հայտարարել է Իսմայիլովան։

Ադրբեջանցի ամենախիզախ լրագրողներից մեկի դեմ դատավարությունն այսօր ևս անցնել է անվտանգության խստացված պայմաններում։ Դատարանը շրջապատված է եղել մեծ թվով ոստիկանական խմբերով, որոնք ոչ միայն շենքն էին հսկում, այլ նաև դատարանի բակում աշխատող լրագրողներին։ Ոստիկաններին չենթարկված լրագրողներից մեկը արդյունքում հայտնվեց ոստիկանական բաժնում, նրան այնուհետև միացան ևս երկու լրագրողներ, ովքեր փորձում էին պարզել իրենց գործընկերոջ ձերբակալության պատճառը։

XS
SM
MD
LG