Մատչելիության հղումներ

Ալիևները հերթական օֆշորային սկանդալի կիզակետում են հայտնվել


Ադրբեջանի իշխող ընտանիքը հերթական օֆշորային սկանդալի կիզակետում է հայտնվել։

Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից վերահսկվող օֆշորային ընկերությունների մասին հերթական աղմկահարույց բացահայտումը, որը իրականացվել է ադրբեջանական բանտում պահվող, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի օգնությամբ։

Լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ալիևների անվան հետ կապվող օֆշորային ընկերություններին է պատկանում Ադրբեջանի գլխավոր բջջային օպերատոր համարվող «Ազերսել Տելեկոմ»-ը։ Այն շվեդաֆիննական «Թելիա Սոներա» ընկերության դուստր ձեռնարկությունն է Ադրբեջանում։

Հետաքննության համաձայն՝ հատկապես վտանգված է «Թելիա Սոներա» ընկերության ապագան, որը կասկածվում է անհավանական մեծ չափի կոռուպցիոն գործարքի մեջ։ Խոսքը նվազագույնը 800 միլիոն դոլարի մասին է։ Կոռուպցիոն այդ գործարքն իրականացվել է Ադրբեջանի բջջային կապի շուկայում աշխատելու ընթացքում։

Լրագրողների այս բացահայտումը իրավապահների կողմից հաստատվելու դեպքում, ըստ շվեդական մամուլի, Շվեդիայի պատմության ընթացքում կդառնա ամենախոշոր կոռուպցիոն գործարքը։ «Թելիա Սոներա» ընկերության գործադիր տնօրեն Յոհան Դենիլինդը, պաշտոնը ստանալու կապակցությամբ ելույթ ունենալով, խոստացել է մաքրել ընկերությունը բիզնեսի իրականացման կեղտոտ մեթոդներից, սակայն այնուհետև ստիպված է եղել խոստովանել, որ շուրջ մեկուկես տարի հետաքննությունից հետո անգամ չի հաջողվել պարզել, թե ով է հանդիսանում «Թելիա Սոներա»-ի գործընկերն Ադրբեջանում։

Միակ բանը, որ Դենիլինդին հաջողվել է պարզել, այն էր, որ այդ բիզնեսները սերտորեն կապված են իշխանությունների հետ։

Ըստ հետաքննության հեղինակների՝ Ալիևի ընտանիքին պատկանող «Ազերսել» ընկերությունը պետբյուջե չի մուծել շուրջ 600 միլիոն դոլարի հարկ։ Այս ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին՝ Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի առաջատար «Թուրքսել» բջջային օպերատորի հետ համատեղ։ Այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությանն էր պատկանում ընկերության 51 տոկոսը, մի առ ժամանակ անց բաժնեմասը կրճատվեց մինչև 35.7 տոկոս։

Իր գործունեության մեկնարկից քիչ անց «Ազերսել»-ը դարձավ Ադրբեջանի ամենախոշոր հարկատուներից մեկը։ Սակայն 2008 թվականին, երբ ընկերությունը սկսեց նշանակալի եկամուտներ ստանալ, բաժնետոմսերի՝ կառավարությանը պատկանող մասնաբաժինը ծածուկ կերպով փոխանցվեց մի քանի ընկերությունների, որոնք սերտորեն կապված են Ալիևի ընտանիքի հետ։ Այդ պահից սկսած բյուջեի վճարումները կտրուկ կրճատվեցին, մինչդեռ ընկերությունը շարունակում էր միլիոնավոր դոլարների շահաբաժին վճարել փայատերերին։

«Նրանք թաքցնում են իրենց անունները օֆշորային ընկերություններում՝ երբեմն օգտագործելով 30 կամ 40 ընկերությունների»,- Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնին պատմել է լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով իր լրագրողական գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ գաղտնազերծել է Ալիևների ֆինանսական մութ գործարքները։

Իսմայիլովան պարզել է, որ «Ազերսելը» պատկանում է Ադրբեջանի նախագահի երկու դուստրերին։ Լեյլա և Արզու Ալիևներին է պատկանում մեկ այլ բջջային կապի խոշոր ընկերություն՝ «Ազերֆոնը»։ Այդպիսով Ալիևների ընտանիքը վերահսկում է Ադրբեջանի բջջային կապի շուկայի երեք քառորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG