Մատչելիության հղումներ

U2-ն իր աջակցությունն է հայտնում ադրբեջանցի քաղբանտարկյալներին


U2-ն իր աջակցությունն է հայտնում ադրբեջանցի քաղբանտարկյալներին
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Աշխարհի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկը` իռլանդական U2 խմբի մենակատար Բոնոն կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին: Այս կոչը Բոնոն հնչեցրեց U2-ի հյուսիսամերիկյան շրջագայության ընթացքում` հունիսի 12-ին և 13-ին կանադական Մոնրեալ քաղաքում կայացած համերգների ժամանակ:

«Ադրբեջանն այսօր կարող է լսել մեզ: Եկեք միասին երգենք Էմինի, Խադիջայի, Ռասուլի, Ինթիգամի, Անարի համար»,- դիմելով Մոնրեալի Bell Centre համերգասրահում հավաքված ավելի քան 20 հազար երկրպագուներին՝ ասել է Բոնոն:

Այդ նույն պահին համերգասրահում տեղադրված հսկայական էկրանի վրա հայտնվեցին Բոնոյի հիշատակած ադրբեջանցի քաղբանտարկյալների` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի, Խաղաղության և ժողովրդավարության Բաքվի ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Ինտիգամ Ալիևի, Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Անար Մամադլիի, քաղաքացիական ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովի և Լրագրողների ազատության և անվտանգության Բաքվի ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովի լուսանկարները:

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, Բոնոյի հիշատակած ադրբեջանցի իրավապաշտպաններից վերջինի` Էմին Հուսեյնովի ճակատագրում U2-ի մոնրեալյան համերգից բառացիորեն մի քանի ժամ առաջ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ: Ադրբեջանցի իրավապաշտպանին, ով անխուսափելի ձերբակալությունից զերծ մնալու համար վերջին 10 ամիսներն անցկացրել էր Բաքվում Շվեյցարիայի դեսպանության տարածքում, հունիսի 12-ին հնարավորություն տրվեց լքել երկիրը: Շվեյցարական իշխանությունների պնդմամբ՝ Հուսեյնովը Ադրբեջանից կարողացել էր հեռանալ Բեռնի և Բաքվի միջև ամիսներ շարունակված գաղտնի բանակցությունների արդյունքում:

Ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին Բոնոն հիշատակեց իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկի` Pride («Հպարտություն») երգի կատարման ժամանակ: Երգի նման ընտրությունը ևս պատահական չէր: Այն նվիրված է 20-րդ դարի թերևս ամենահայտնի քաղաքացիական ակտիվիստներից մեկին` աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպան, 1968-ին Մեմֆիսում սպանված Մարթին Լյութեր Քինգին:

«Նրանք խլեցին քո կյանքը, բայց ի զորու չեն խլել քո հպարտությունը». երգի այս բառերը` մոնրեալյան համերգի ընթացքում ադրբեջանցի քաղբանտարկյալներին ուղղված թերևս գլխավոր ուղերձն էր:

Իռլանդացի երաժիշտների՝ ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների ձեռնարկված այս քայլը համընկավ Բաքվում առաջին Եվրոպական խաղերի մեկնարկի հետ: U2-ի պաշտոնական կայքում կարդում ենք.- «Մոնրեալում կայացած համերգի ամենատպավորիչ դրվագներից մեկն այն պահն էր, երբ էկրաններին հայտնվեցին ադրբեջանցի առաջատար ակտիվիստների դիմանկարները: Իշխանությունները նրանց բանտարկել են հանուն մարդու իրավունքների պաշտպանության ծավալած պայքարի համար»։

Իռլանդացի երաժիշտները նաև հիշեցնում են, որ իրենց երկարամյա գործընկեր կազմակերպություններից մեկի` Amnesty International-ի ներկայացուցիչներին Եվրոպական խաղերի նախաշեմին արգելվել է մուտք գործել Ադրբեջանի տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG