Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը չի դադարեցրել հացադուլը


Քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը բավարարել է Շանթ Հարությունյանի դիմումը՝ թույլ տալով պատժի կրումն այսուհետև շարունակել խցային պայմաններում, Հարությունյանը շարունակում է հացադուլը:

Շանթի փաստաբան Ինեսա Պետրոսյանը օրվա երկրորդ կեսին դուրս գալով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից՝ փոխանցեց, որ իր պաշտպանյալը վերացած չի համարում իր կյանքին սպառնացող վտանգը: Նա հանդիպում է պահանջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

«Այսօր նա արդեն համապատասխան դիմումներ է ուղարկել», - ասաց Պետրոսյանը: - «Նա բարձրաձայնում է, որ խնդիրն առկա է»:

«Արժեքների հեղափոխության» գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին փոխանցել էր, թե իր կյանքին վտանգ է սպառնում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից:

«Նա վաղուց էր հայտնել այդ մտահոգությունները, բազմաթիվ դիմումներ էր հղում, բայց ընթացք չէր տրվում», - նշեց Ինեսա Պետրոսյանը:

Նույն գործով հինգ տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանը ևս չի դադարեցնի հացադուլը, թեև նրա դիմումը նույնպես բավարարվել է:

Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը փոխանցեց, որ իրենց դիմումներում Շանթն ու Վարդանը նշել են միայն խցային պայմանի պահանջը՝ չմանրամասնելով պատճառները․ - «Բոլորի անվտանգությունն էլ պարտավոր են ապահովել և ապահովում ենք»:

Հարությունյանն ու Վարդանյանն այժմ հացադուլավորների համար նախատեսված մենախցերում են: Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ՝ երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն:

Շանթ Հարությունյանին այսօր տեսակցել է որդին՝ «Նոյեմբերի 5»-ի գործով պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը:

Փաստաբան Պետրոսյանը փոխանցեց նաև, որ հացադուլը դադարեցնելու հորդորները օգուտ չեն տալիս․ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը սպասում են Հայաստանի ոստիկանապետի և պաշտպանության նախարարի պատասխաններին:

XS
SM
MD
LG