Մատչելիության հղումներ

logo-print

Շանթ Հարությունյանի՝ առանձին խուց տեղափոխվելու դիմումին կպատասխանեն վաղը


Քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը Շանթ Հարությունյանի ներկայացրած դիմումի պատասխանը կհրապարակի վաղը, «Ազատությանը» տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

2013-ի նոյեմբերի 5-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից պահանջելով իր համար ապահովել խցային պայմաններ:

Մինչև հացադուլը Շանթը պատիժը կրում էր կիսաբաց ռեժիմով՝ այլ դատապարտյալների հետ։ Պահանջին հացադուլով միացել է նաև նույն գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը:

Հացադուլավորների առողջական վիճակը բավարար է, տեղեկացրեց Ղլեչյանը, նրանք բժիշկների հսկողության տակ են։ Այս պահին Հարությունյանն ու Վարդանյանը գտնվում են հացադուլավորների համար նախատեսված մենախցերում։

Շանթ Հարությունյանը պահանջում է խցային պայմաններ, քանի որ մտահոգություն ունի, որ իր կյանքին վտանգ է սպառնում, «Ազատության» եթերում հայտարարել էր անցած շաբաթ օրը Շանթին տեսակցած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Ոչ վարչակազմի, ոչ էլ այլ կալանավորների հետ, ըստ պատգամավորի, նա խնդիրներ չունի.- «Ինքը կարծում է, որ այդ անվտանգության սպառնալիքները բխում են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից»,- ասել էր Փաշինյանը։

Շանթ Հարությունյանի որդու փոխանցմամբ՝ հայրը հացադուլ է հայտարարել հունիսի 8-ից։ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասում է՝ քրեակատարողականի ղեկավարությանը նա հացադուլի մասին տեղյակ է պահել հունիսի 12-ին։

Շանթ Հարությունյանը ցանկանում է Վարդան Վարդանյանի հետ նույն խցում գտնվել, «Ազատությանը» տեղեկացրեց Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Փաստաբանը վաղը կայցելի իր պաշտպանյալներին.- «Տեսակցության ժամանակ, նրան հենց այդ օրն էին տեղափոխել, ասաց, որ խնդիրներ է տեսնում և չի ցանկանում, որ իր կյանքը վտանգվի։ Նա ունի վստահություն, որ իր կյանքը վտանգված է»։

Պետրոսյանը կարծում է՝ Շանթ Հարությունյանի պահանջը կբավարարվի.- «Որևէ հիմք չունեն չբավարարելու այս բողոքը։ Շանթ Հարությունյանը նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակ էլ գերադասում էր միայնակ մնալ»։

«Արժեքների հեղափոխություն» սկսած Շանթ Հարությունյանը անցած տարվա հոկտեմբերի 17-ին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, Վարդան Վարդանյանը՝ 5 տարվա։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը: Վճռաբեկը բողոքը վարույթ չընդունեց:

Հարությունյանը, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի խոսքով, հաստատակամ է՝ կդիմի Եվրոպական դատարան, բողոքը պատրաստվում է։

«Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» կոչը ընթերցեց անգամ աշխարհահռչակ Ռոնալդուն։ Լուսանկարիչները Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ անմահացրել էին պահը։

Մարզադաշտում բողոքի ակցիա անցկացրած Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենն ասում է՝ «սպասածից ավելի էր արձագանքը, ուզում էր աշխարհն իմանար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, հաջողեց»:

«Ես որոշել էի հենց երկրորդ րոպեին մտնել դաշտ, բայց Հայաստանի գրոհն էր, ինձ թվաց՝ Հայաստանի գոլը կփչացնեմ, սպասեցի, որ պորտուգալացիները գրոհեն։ Հենց իրենք գրոհեցին, ես էլ գրոհեցի»,- ասաց Շահենը։

Շահենը պատմեց, որ պաստառը մարզադաշտ է տարել Հայաստանի դրոշի մեջ պահած։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Շահեն Հարությունյանը չի ենթարկվի որևէ պատասխանատվության՝ արարքում իրավախախտման կազմի բացակայության պատճառաբանությամբ։

XS
SM
MD
LG