Մատչելիության հղումներ

Փոստանջյանն առաջարկում է ԱԺ հանձնաժողովի միջոցով վերահսկել զինվորների մահվան գործերը


ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը առաջարկում է որպես Գլխավոր դատախազության այլընտրանք ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի բացահայտման վերահսկողություն կիրականացնի։

Երկար ժամանակ է մահացածների ծնողները բողոքի ցույցեր են անցկացնում նախագահական նստավայրի դիմաց, ոստիկանությունն էլ որոշ դեպքերում ուժ է կիրառում նրանց հանդեպ։

Փոստանջյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությամբ է հանդես եկել նաև այդ ծնողների խնդրանքով, քանի որ նրանք չգիտեն ում դիմել արդարության հասնելու համար։

«Կան դեպքեր, երբ գործերը տասը և ավելի տարիներ պտտվել են դատական ատյաններով։ Հասկանալով խնդիրը՝ ես հասկանում եմ, որ շատ հաճախ ՀՀ իրավապահ մարմինները և դատարանները ուղղակի անգործության են մատնված և չեն իրականացնում արդար դատաքննություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Եթե Փոստանջյանի ներկայացրած առաջարկն ընդունվի՝ հանձնաժողովը լայն լիազորություններ կունենա, կարող է պահանջել գործերին առնչվող ցանկացած փաստաթուղթ, բացատրություններ պահանջել անգամ բարձրաստիճան պաշտոնյաներից։ Առաջարկվում է նաև հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոնները տրամադրել ընդդիմությանը։

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար Փոստանջյանը նախ պետք է խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովից դրական եզրակացություն ստանա, որից հետո էլ հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։ Ջանքեր է գործադրելու, որ այն ստեղծվի, բացատրելու է, թե որն է խնդիրը։

Իշխող Հանրապետականում վերջնական կարծիք դեռ չեն շտապում ասել, փոխարենը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հեգնեց, թե Փոստանջյանը ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու սեր ունի։

«Ժամանակավոր հանձնաժողովների արդյունավետությունը այդքան էլ բարձր չեմ գնահատում։ Ինձ թվում է՝ դա իրավապահների հետ կապված խնդիր է»,- ասաց Բաղդասարյանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից փոխանցեցին, որ առաջարկները ուսումնասիրելուց հետո կասեն իրենց կարծիքը։ Այս պահին պատգամավորի նախաձեռնությունը պատրաստ է պաշտպանել միայն «Բարգավաճ Հայաստանը»։ Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ ինքն էլ է ծանոթ տարիներով ձգձգվող բազմաթիվ գործերի, այս հանձնաժողովը, նրա կարծիքով, խնդրի մասին բարձրաձայնելու հարթակ կարող է դառնալ։ Եթե արդյունքներ էլ չտա, գոնե կսթափեցնի պատկան մարմիններին, կարծում է նա։

«Ծնողը իրավունք ունի իմանալու՝ ինչի համար է սպանվել իր երեխան։ Ամեն անգամ ես ուղղակի սարսուռով եմ նայում այդ տեսարանը, երբ սևազգեստ մայրերը, հայրերը իրենց երեխաների նկարները կրծքներին հպած կանգնած են կառավարության կամ նախագահականի դիմաց։ Դա շատ ծանր տեսարան է, որպես մայր եմ ասում»,- ասաց Զոհրաբյանը։

Փոստանջյանի առաջարկը խորհրդարանում կքննարկվի աշնանը՝ ամառային արձակուրդներից հետո։ Եթե հանձնաժողովը ստեղծվի, ապա այն կգործի մինչև հաջորդ տարվա մայիս, իսկ արդյունքները կամփոփվեն հատուկ զեկույցով։

XS
SM
MD
LG