Մատչելիության հղումներ

Նախագահի աշխատակազմից «Ազատության» ստացած պատասխանը զայրացրել է բողոքող կանանց


Պաշտոնական գրությունից պարզ չէ, թե արդյոք բանակի գերագույն գլխավոր հրամանատարը մտադիր է ընդունել որդեկորույս կանանց:

Նախագահական նստավայրը պնդում է, թե անմիջապես ընթացք է տրվել Բաղրամյան 26-ից ամիսներ շարունակ պատասխան սպասող որդեկորույս մայրերի նամակին։

«Ազատության» հարցմանն ի պատասխան Սերժ Սարգսյանի աշխատակազմից հայտնում են, թե սահմանված կարգով դիմամատու մայրերին ոչ միայն ընդունել են աշխատակազմի վերահսկողական ծառայությունում, այլև երկրի նախագահի հանձնարարությամբ նրանց հանդիպել է զինվորական դատախազը։

Պաշտոնական գրությունից պարզ չէ, թե արդյոք բանակի գերագույն գլխավոր հրամանատարը մտադիր է ընդունել որդեկորույս կանանց:

Սևազգեստ մայրերին այս պատասխանն է'լ ավելի զայրացրեց․ - «Ուրեմն մենք հայտարարում ենք, որ «Ազատություն» ռադիոկայանին պատասխանել են լկտի սուտ ձևով: Նման բան չի եղել»:

Տարիներ շարունակ որդիների նկարներով բողոքի ակցիաներ անցկացնող և արդար դատաքննություն պահանջող կանայք կարծում են, որ նախագահի աշխատակազմը «Ազատության» հարցմանը ի պատասխան ուղարկած գրությամբ փորձում է խեղաթյուրել իրականությունն այնպես, ինչպես անցած տարիներին խեղաթյուրվել են որդիների մահվան գործերը՝ այդպես էլ չտալով իրենց հուզող հարցի պատասխանը․ ո՞վ և ինչո՞ւ է սպանել զինվորներին։

«Եթե իմ անուն-ազգանունը այնտեղ ընդունելության գրանցման մեջ կգտնեն, մյուս ծնողներին կգտնեն, թող հրապարակային թքեն իմ երեսին, հրապարակային ասեն՝ այս ծնողը սուտ է ասում: Ամիսուկես առաջ ես դիմել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ընդունելություն եմ պահանջել, որպեսզի ասեմ՝ Դուք անցյալ տարի մարտի 6-ին մեզ ընդունեցիք, Տիգրան Օհանջանյանի գործով Դուք հանձնարարություն տվեցիք զինվորական դատախազին, քննչական վարչության պետին: Առայսօր ես ոչ մի պատասխան չեմ ստացել», - ասաց Օհանջանյանի մայրը:

Մահացած զինվոր Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը ցույց է տալիս ամիսներ առաջ երկրի նախագահին ուղղած ևս մեկ նամակ, որով Սերժ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել է որդու մահվան վիճահարույց հանգամանքներին։ Այս նամակը ևս մնացել է անպատասխան․ - «Մինչև այսօր ես իմ դիմումի պատասխանը չունեմ»:

Որդեկորույս մայրերը նախագահին հիշեցնում են, որ 4 տարի առաջ հենց նա նախագահական նստավայրի ճաղերից հետևից հուսադրել էր, որ մահվան գործերը կբացահայտվեն․ - «Այնպիսի փաստեր կան, որոնց իրավական գնահատական տալու դեպքում այնքան մարդ է պատասխան տալու քրեորեն, որովհետև հանցագործություն է արել»:

Այսօր կառավարության շենքի առջև մոտ մեկ ժամ բողոքի ակցիա անցկացնելուց հետո կանայք որոշեցին «Ազատությանն» ուղղված նամակի պատասխանը ձեռքներին կրկին նախագահական գնալ՝ տեղեկացնելու, որ որևէ զինդատախազ իրենց չի հանդիպել։

Նախագահական նստավայրում կրկին նրանց էր սպասում ոստիկանական պատնեշը։ Այս անգամ բախում տեղի չունեցավ։ Մայրերին ընդունեց Նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը։

Ավելի քան կես ժամ տևած հանդիպումից մայրերը դժգոհ մնացին․ - «Ըստ էության ոչինչ չի պատասխանել: Ընդամենը ինքը ասել է՝ սա է ընդունելությունը, մենք ընդունել ենք ձեզ: Դուք ձեր երեխաների քրեական գործերով դիմումներ եք հղել մեզ, մենք դա բոլորը ուղարկել ենք զինվորական դատախազություն, այնտեղից դուք պատասխաններ չե՞ք ստացել: Ես բարձրաձայն հաղորդում եմ բոլորի ներկայությամբ, որ ո՛չ»:

Անցած հունիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո սևազգեստ կանայք որոշեցին իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի առջևից տեղափոխել նախագահական նստավայր։ Վարչապետը լսել էր մայրերին ու հորդորել դիմել հենց Սերժ Սարգսյանին՝ ընդգծելով՝ միայն գերագույն գլխավոր հրամանատարը կարող է լուծում տալ նրանց հարցերին։ Սերժ Սարգսյանին ուղղված նամակներն ու նախագահականի մոտ կազմակերպվող բողոքի ցույցերը, սակայն, ըստ որդեկորույս մայրերի, այդպես էլ որևէ արդյունք չեն տվել։

Այսօր կառավարության շենքի առջև մոտ մեկ ժամ բողոքի ակցիա անցկացնելուց հետո կանայք որոշեցին «Ազատությանն» ուղղված նամակի պատասխանը ձեռքներին՝ կրկին նախագահական գնալ՝ պարզելու, թե ով է հանդիպել զինդատախազին, և արդյոք նման հանդիպում առհասարակ եղել է:

XS
SM
MD
LG