Մատչելիության հղումներ

logo-print

ՀԽ-ի համակիրները շարունակում են պայքարել կալանավորված ընկերների ազատության համար


«Հիմնադիր խորհրդարանի» համակիրները շարունակում են պայքարել ճաղերի ետևում հայտնված իրենց ընկերների ազատության համար։

Ժիրայր Սեֆիլյանի և կալանավորված մյուս ակտիվիստների նկարներով շապիկներով, ձեռքներին խորհրդանշական շղթաներով ու «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» կոչերով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մի խումբ անդամներ «Հայ կանանց ճակատ» կազմակերպության հետ համատեղ այսօր իրազեկման հավաք ու երթ անցկացրեցին Երևանի կենտրոնական փողոցներում՝ մարդկանց հորդորելով աջակցել իրենց պայքարին։

Ակցիայի մասնակիցները ապրիլի 7-ից քրեակատարողական հիմնարկներում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» բոլոր 5 անդամներին համարում են քաղբանտարկյալներ։ Ըստ միջազգային հեղինակավոր Human Righst Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանի գլխավոր դատախազին և արդարադատության նախարարին ուղղված նամակի, ժիրայր Սեֆիլյանը և կալանավորված մյուս անդամները հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար։

Միջազգային կազմակերպությունը նաև կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիրներին և ազատ, անկողմնակալ ու արժանահավատ հետաքննություն իրականացնել։

Նամակի հրապարակումից ժամեր անց Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Քննչական կոմիտեից պահանջել է քրեական գործի նյութերը՝ ուսումնասիրելու նպատակով։ Այսօրվա ակցիայի մասնակիցները չեն հավատում, որ սա կարող է կալանավորված անդամներին ազատ արձակելու նախապատրաստություն լինել։

«Ինձ թվում է՝ որոշ քաղաքական գործիչների ելույթները, որոնք մեղմում էին իրենց նախկին ելույթները, միտված է նրան, որ լռեցնել հանրային ձայնը, բողոքը։ Ես չեմ հավատում, որ նրանք արդարացի լուծում կտան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Քանի դեռ Սեֆիլյանն ու ընկերները կալանավորված են, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման համակիրները խոստանում են չլռել։

XS
SM
MD
LG