Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է ուղղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մտահոգություն է հայտնում «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման հինգ անդամներին առաջադրված մեղադրանքների և նրանց նախնական կալանքի ենթարկելու կապակցությամբ:

«Human Rights Watch-ը մտահոգված է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հետապնդվում են իրենց խաղաղ քաղաքական հայացքների համար: - «Նրանց առաջադրված մեղադրանքներով խախտվում է մտքի և ազատ արտահայտվելու իրավունքը: Այն պաշտպանված է քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, որին միացել է նաև Հայաստանը», - ասված է նամակում:

Human Rights Watch-ը նշում է, որ կալանքը պետք է դիտարկել, որպես խափանման վերջին միջոց, մինչդեռ ընդդիմադիր ակտիվիստներին անմիջապես ձերբակալվել են, և նրանց մոտից առգրավել անգամ դրոշները։

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ կալանավորվածներին տեսակցելու պահանջն արդեն բավարարվել է, մինչդեռ նրանց մյուս իրավունքները շարունակում են խախտվել։

«Հորդորում են մեր իրավապահ մարմիններին, որպեսզի ազատ արձակեն կալանքից և քրեական գործի քննությունը շարունակեն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պարզելու համար իրողությունը: Բայց կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, և դա հիմնավորում են Եվրոպական կոնվենցիաներով, որոնց Հայաստանը մասնակից է: Մյուս խումբը վերաբերում է արդեն այն քաղաքական հալածանքներին, որոնք, ըստ էության, հանգեցրել են նրան, որ իշխանությունները չեն թույլատրում «Հիմնադիր խորհրդարանի» քաղաքական գործունեության իրականացումը», - ասում է փաստաբանը:

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիրների և ազատ, անկողմնակալ ու արժանահավատ հետաքննություն իրականացնել։ Կազմակեպությունը նաև հորդորում է քննել բանտախցում Գևորգ Սաֆարյանին բռնության ենթարկելու մասին տեղեկությունը։

Նամակում նշվում է, որ նախնական կալանքի մեջ գտնվող ակտիվիստներին պետք է անմիջապես առանձնացնել քրեական հանցագործներից և տեղափոխել այլ խցեր։

Դատախազությունից հաստատեցին, որ իրավապաշտպան կազմակերպության կողմից ուղարկված նամակը երեկ ստացել են և այն դեռ ուսումնասիրում են։ Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Գևորգ Կոստանյանը հիմնադիր խորհրդարանի կալանված անդամների գործով նախաքննության օրինականությունը ստուգելու հանձնարարություն է տվել։

«Գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործով հսկողություն իրականացնող դատախազը պահանջել է նախաքննական մարմնից քրեական գործի նյութերը՝ ուսումնասիրելու նպատակով», - նշեց Մելքոնյանը:

Նշենք, որ Human Rights Watch-ը նամակի պատճենն ուղարկել է Հայաստանի արդարադատության նախարարին: Նախարարությունից «Ազատությանն» ասացին, որ նման նամակ չեն ստացել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, ամոթալի է, երբ Հայաստանում կատարված իրավախախտումների մասին բարձրաձայնում են միջազգային կազմակերպությունները, իսկ իշխանությունները լռում են։

«Պարտավոր են հաշվի առնել, այս հեղինակավոր կազմակերպության նամակը, որտեղ ամեն ինչ ամրագրված է այնպես, ինչպես եղել է և կա․ և՛ բռնությունը քրեակատարողական հիմնարկի ներսում, և՛ որ նրանք քաղաքական հետապնդումների են ենթարկվում, և՛ այդ, որ ապօրինի են [հետապնդում]: Ճիշտ է՝ նրանք այդ բառով չեն անդրադարձել, բայց ցույց են տվել ամբողջությամբ, որ սա ապօրինի հետապնդում է», - ասաց իրավապաշտպանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներն պնդում են, որ անգամ այդ նամակից հետո էլ իշխանությունները շարունակում են խոչնդոտել իրենց գործունեությունը։ Փաստաբան Հայկ Գրիգորյանի խոսքով, իրենք կրկին դիմել են քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում շուրջօրյա հավաքներ անցկացնելու իրազեկման համար, սակայն քաղաքապետարանից ակնարկել են, որ հանրահավաք կարող են անցկացնել միայն Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում, քանի որ «Ազատության հրապարակում դեռ շարունակվում են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները»։

«Եթե հունիսին էլ մենք դիմենք, տեսականորեն, ես վստահ եմ, որ էլի առաջարկվելու է Էրեբունի թանգարանը», - ասում է փաստաբանը:

XS
SM
MD
LG