Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը ՔԿ-ից պահանջել է Սեֆիլյանի և ընկերների գործերը


Այդ առնչությամբ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» հետ զրույցներում բարձրաձայնում են իրենց տեսակետները:

Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Քննչական կոմիտեից պահանջել է Սեֆիլյանի և ընկերների քրեական գործի նյութերը՝ ուսումնասիրելու նպատակով։ Կոստանյանի այս հետաքրքրությունը, շատերի կարծիքով, կարող է նաև գործի վերանայման նախապատրաստություն լինել։

Այդ առնչությամբ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» հետ զրույցներում բարձրաձայնում են իրենց տեսակետները:

«Կարելի է քննարկել Ժիրայր Սեֆիլյանին ու համախոհներին ազատ արձակելու հարցը», - կարծում է Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ)։ - «24-ը արդեն անցել է, իրավիճակ է փոխվել: Ըստ էության նաև օրենսգիրքն է դա թույլ տալիս, որ արարքը կարող է դադարել այլևս հասարակության համար վտանգ պարունակելուց: Այդ հիմքով կարելի է վերանայել նրանց կալանավորման հարցը: Բայց կա նաև, կարծում եմ, խնդիր կապված համաներման գործընթացի հետ, որը նույնպես կարող է հնարավորություն դառնալ, որ այդ հարցը իր լուծումը գտնի»:

Ապրիլի 24-ին հանրահավաքի կոչ անողներին «հանրությունից մեկուսացնելու» կողմնակից, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանն ասաց․ - «Եթե հիմնավոր պատճառներ չլինեն նրանց կալանավորումը երկարաձգելու, ինձ թվում է, նրանք ազատ կարձակվեն: Իմ բոլոր կոչերը, իմ բոլոր ելույթները վերաբերում էին մինչ ապրիլի 24-ը: Իսկ ամսի 24-ից հետո բոլոր հրապարակները բաց են, բոլոր դաշտերը բաց են իրենց (եթե քաղաքական գործիչներ են) քաղաքական հայացքները բարձրաձայնելու համար։

Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») նույնպես ակնկալում է, որ Սեֆիլյանն ու ընկերներն ազատ կարձակցեն․ - «Մեր երկրում որևէ մեկը իր տեսակետը արտահայտելու, ազատ խոսքի, օրենքի շրջանակներում իր բողոքը, իր ընդվզումը, իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնելու իրավունք պիտի ունենա: Դա միանշանակ է: Ակնկալում եմ և կարծում, որ առաջիկայում իրենք անպայմանորեն պիտի ազատ արձակվեն»:

Զոհրաբյանը հավելեց․ - «Եթե ապագայում պարզվի, որ նրանք ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների համար, այստեղ երկու կարծիք չի լինելու՝ բոլոր այն դատավորները, ովքեր կայացրել են քաղաքական վճիռներ՝ «իրավական» մատուցմամբ, անպայմանորեն պիտի ենթարկվեն պատասխանատվության»:

ՀԱԿ-ի համար, Արամ Մանուկյանի փոխանցմամբ, այսօր էլ ամեն ինչ պարզ է․ - «Մենք միակ կուսակցությունն ենք, որ երկու անգամ պաշտոնապես հայտարարություն ենք արել: Մեր բոլոր միջազգային հանդիպումներում նշում ենք, որ էլի քաղբանտարկյալներ կան Հայաստանում: Կօգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալ չունենանք: Անկախ նրանից, Շանթը կամ Սեֆիլյանը ճիշտ էին, մենք կիսում ենք նրանց գաղափարները․․․ Դրա մասին չէ խոսքը: Անգամ եթե քո մտածածի հակառակն են անում, բայց դրա արդյունքում հայտնվում են բանտերում, դու նրանց իրավունքների համար պետք է պայքարես»:

«Սեֆիլյանի և համախոհների կալանավորումը նաև Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում է», - տեղեկացրեց Արմեն Ռուստամյանը՝ փոխանցելով, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հարցը հետաքրքրել է նաև Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ալան Միլին․ - «Առայժմ լսել են այդ ինֆորմացիան, ի գիտություն են ընդունել: Նախապես պլանավորված այց կա, հունիսին է պլանավորվում: Այդ այցի շրջանակներում էլայդ խնդրին անպայման անդրադարձ կլինի»:

XS
SM
MD
LG