Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն առաջարկում է քննարկել ԱԺ աշխատանքները բոյկոտելու հարցը, քանի դեռ մեղավորները չեն պատժվել


ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը «Շրջանառության հարկի» դեմ ակցիաներից մեկի ժամանակ, 30-ը հունվարի, 2015թ.

ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը «Շրջանառության հարկի» դեմ ակցիաներից մեկի ժամանակ, 30-ը հունվարի, 2015թ.

Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը ԲՀԿ-ն որակում է «քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր դատապարտել է երեկ ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստն՝ այն գնահատելով «քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր»:

Կուսակցության հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա: Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի և ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաև անձնական պատասխանատվություն այս ամենի համար»:

ԲՀԿ-ն պահանջել է իրավապահ մարմիններից՝ ամենասեղմ ժամկետներում բացահայտել այս և վերջին շրջանի բոլոր «պատվիրված հարձակումները՝ քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների վրա»:

Կուսակցության քաղխորհուրդը նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությանն առաջարկել է մինչև մեղավորներին պատժելը՝ քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, այդ մասին սկսել խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ:

Այսօր, ավելի ուշ, հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ-ը ևս այս դեպքը իշխանության կողմից քաղաքական ընդդիմության դեմ ուղղված քայլ համարեց։

«Պատահական չէ, որ նախ բռնությունների ենթարկվեցին հասարակական կազմակերպությունների, փոքր քաղաքական ուժերի անդամներ, իսկ այնուհետև իշխանական ահաբեկչության թիրախ դարձան համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված կազմակերպությունների՝ ազատամարտիկների դաշինքի, Հայ ազգային կոնգրեսի, իսկ այժմ արդեն ԲՀԿ-ի ներկայացուցիչները», - ասված է հայտարարությունում։

Որպես այս գործողությունների պատասխան, Հայ ազգային կոնգրեսը նշել է շուտափույթ իշխանափոխությունը և սահմանադրական կարգի վերականգնումը։

Հիշեցնենք, երեկ ժամը 12:00-ի սահմաններում «Տաշիր» առևտրի կենտրոնի շրջակայքում սև հագուստով դիմակավորված ու զինված երեք անձինք առևանգել էին ԲՀԿ անդամ, շրջանառության հարկի դեմ պայքարող ակտիվիստ Արտակ Խաչատրյանին, և տարել անհայտ ուղղությամբ։ Խաչատրյանը հայտնվել էր դեպքից մոտ 5 ժամ անց ծեծված վիճակում, որից հետո տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն։

Այսօր Խաչատրյանի քիթը վիրահատեցին։ «Մալաթիա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանն ասաց, որ նա վնասված այլ օրգաններ չունի։

«Առողջակա վիճակը եղել է բավարար։ Հետազոտություններով պարզվել է, որ կա քթի ոսկրի կոտրվածք՝ տեղաշարժով, գիշերն անցկացրել է շատ հանգիստ, այսօր պլանավորված ձևով հիվանդը վիրահատվել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կուրղինյանը՝ ընդգծելով, որ մեկ շաբաթում Խաչատրյանը լիարժեք կապաքինվի։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու փաստով։ Տվյալ հոդվածը նախատեսում է ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով։

Բռնության և մարմնական վնասվածքի մասով հոդված, գոնե առայժ, քրեական գործում չկա։

Արտյոմ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց չի բավարարում քրեական գործի հարուցումը միայն առևանգման փաստով. - «Ես, ի սկզբանե, պնդել եմ, հայտարարել եմ, որ ուղիղ կապ եմ տեսնում Արտակի հանրային, հասարակական գործունեության և միջադեպի հետ, այսինքն, այստեղ և՛ խոսքի ազատության, և՛ մարդու իրավունքների, և՛ քաղաքական հետապնդումներ կան, և միայն խուլիգանական առևանգում հոդվածն, ի հարկե, չի բավարարում և չի բավարարի»։

XS
SM
MD
LG