Մատչելիության հղումներ

logo-print

Առևանգված ԲՀԿ անդամին գտել են անգիտակից, ծեծված վիճակում


ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին, ով ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիաներին, քիչ առաջ գտել են իր տան մոտ անգիտակից, ծեծված վիճակում։ Այսօր ժամը 12:00-ի սահմաններում «Տաշիր» առևտրի կենտրոնի շրջակայքում սև հագուստով դիմակավորված ու զինված երեք անձինք առևանգել էին նրան և տարել անհայտ ուղղությամբ։

Արտակ Խաչատրյանի առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել։ Այսօր նրա եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանն ու ընկերը՝ Նարեկ Աբրահամյանը, ոստիկանության Կենտրոն բաժնում այդ մասին հայտարարություն էին տվել ։

Նարեկ Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Խաչատրյանի առևանգման պահին նրա կողքին է եղել։Իր հայտարարության մեջ նշել է, որ դիմակավորված երեք անձինք մոտեցել են, ոլորել Արտակի ձեռքերն ու ուժով մտցնելով ավտոմեքենա՝ տարել են անհայտ ուղղությամբ։ Աբրահամյանը չի հասցրել ֆիքսել ավտոմեքենայի համարները։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Արտակը հասցրել է զանգահարելիրեն, բայց չի կարողացել խոսել հեռախոսով։ «Միայն լսելի էր նրա ձայնը, մի խփեք, ո՞ւր եք տանում...», - պատմեց Վահան Բաբայանը։ Դրանից հետո նրա հետ կապն ընդհատվել է։ Նրա հեռախոսը փողոցից գտել և ընկերներին է հանձնել մի պատահական անցորդ։

«Ես որպես Արտակի ավագ եղբայր, այս ամենը կապում եմ նրա հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության հետ», - ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո հայտարարեց Արտյոմ Խաչատրյանը, ավելացնելով, սակայն, որ անգամ բողոքի ակցիաների ժամանակ Արտակը երբևէ որևէ սպառնալիք կամ նախազգուշացում չի ստացել և չէին կարող ենթադրել, որ իր հասարակական-քաղաքական ակտիվությունը կարող էր սրան հանգեցնել։

«Արտակը միշտ էլ զբաղվել է հասարակական-քաղաքական գործունեությամբ, բայց վերջին շրջանում շատ ակտիվ էր։ Եվ չնայած բողոքի ակցիաները այս պահին դադարեցված էին, սակայն փոքր և միջին ձեռներեցները հայտարարել էին, որ օրենքի փոփոխության հետաձգումը իրենց չի բավարարել և առաջիկայում նախատեսված էին լուրջ ակցիաներ նաև մարզերում», - պատմեց եղբայրը՝ հավելելով, որ «այս ամենը հստակ կապված էր իր ակտիվ գործունեության հետ»։

Արտակ Խաչատրյանը ԲՀԿ անդամ է և ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության մասին հարկի» փոփոխությունների հետ կապված բողոքի ակցիաներին։ Այն բանից հետո, երբ բողոքի ակցիաների ճնշման տակ հարցը քննարկվեց Կառավարությունում և Ազգային ժողովում և շրջանառության հարկի փոփոխությունը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը, բողոքի ակցիաները դադարեցված էին։ Սակայն փոքր և միջին ձեռներեցները հայտարարել էին, որ շարունակելու են իրենց պայքարը մինչև փոփոխության լրիվ կասեցումը։

«ՓՄՁ-երը պատրաստվում էին նորից հանրահավաքներ անել անցկացնել նաև մարզերում, որովհետև բոլարն էլ հասկանում են, որ այդ 6 ամիսը՝ մինչև հուլիսի 1 կոչվածը, հերթական փափուկ բարձն է», - ասում է Արտյոմ Խաչատրյանը։

Օրվա երկրորդ կեսին Փոքր և միջին ձեռներեցները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին գտնել իրենց ընկերոջը, տեղեկություն հաղորդել նրա մասին կամ ազատ արձակել։

Այս դեպքին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG