Մատչելիության հղումներ

Փաստաբանը «աբսուրդ» է որակում ԼՂ նախագահի՝ ծառայողական քննություն անցկացնելու հրահանգը


Երվանդ Վարոսյան, արխիվ

Երվանդ Վարոսյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր իրավապահների հետ խորհրդակցություն է անցկացրել՝ Ղարաբաղի ոստիկանապետին հանձնարարելով մանրակրկիտ ծառայողական քննություն իրականացնել Բերձորի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ քննության արդյունքները զեկուցվելու են Բակո Սահակյանին՝ «անհրաժեշտ եզրահանգումների համար»:

Մեջբերելով Սահակյանի խոսքերը՝ Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայությունը ոչինչ չի հաղորդում քրեական գործ հարուցելու մասին:

«Ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում», - ասել է Սահակյանը՝ պնդելով, թե հավաստի տվյալներ են ունեցել, որ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջանի հարյուրավոր մարդիկ են մեկնել, և ոստիկանությունն էլ հասարակական կարգը պահպանելու ու հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված է եղել իրականացնել համապատասխան միջոցառումներ: Չմատնանշելով մեղավորների Ղարաբաղի նախագահը միայն ափսոսանք է հայտնել, որ հնարավոր չի եղել խուսափել «անկարգություններից և բախումներից»:

Ղարաբաղի ոստիկանությունից վստահեցնում են, որ բազմակողմանի ստուգելու են միջադեպի բոլոր հանգամանքները: Թե ինչու քրեական գործ չի հարուցվել ոստիկանության խոսնակ Ֆելիքս Հարությունյանը պատճառաբանեց, որ միայն «Հիմնադիր խորհրդարան»-ի հրապարակած կադրերը քիչ են, առանց քննության որևէ մեկն իրավասու չէ տեղի ունեցածին գնահատական տալ:

«Քննության արդյունքները տարբեր են․ կարող են ծառայողներին պատասխանատվության ենթարկել, կարող են նյութերը ուղարկվել, օրինակ, դատախազություն: Միանշանակ չեմ կարող ասել, թե ինչ ժամկետում, բայց ոստիկանության ղեկավարությունը տրամադրված է, որ կարճ ժամանակահատվածում, բայց մանրակրկիտ, ինչպես նախագահը հանձնարարել է, պիտի բոլոր հանգամանքները պարզվեն», - «Ազատությանը» փոխանցեց Հարությունյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ազատության» հետ զրույցում «աբսուրդ» որակեց ծառայողական քննությունն անցկացնելու մասին Բակո Սահակյանի հանձնարարությունը՝ պնդելով, որ ոստիկանը չի կարող ինքն իր գործունեությունը քննել:

«Միայն կադրերը, որոնք հրապարակվել են ակնհայտ վկայությունն են այն բանի, որ առնվազն քրեական գործ այդ հրապարակման պահին պիտի հարուցվեր: Առնվազն պաշտոնական դիրքի չարաշահման հանցակազմի հատկանիշներ այդ կադրերում երևում են», - ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանը մատնացույց է անում ծեծի տեսարանները, գույքի վնասումը, երբ մահակներով կոտրվում էին ավտոմեքենաների դիմապակիները:

«Սակայն չի բացառվում, որ քննության ընթացքում պարզվի, որ նաև պիտի ծեծը ըստ հետևանքների որակվի, էդ ծեծողների արարքը որակվի այլ կերպ: Խոսք է գնում նաև հեռախոսներ հափշտակելու, գումար հափշտակելու մասին: Էդ ամենը պետք է քննության առարկա դառնա և ոստիկանությունը էդ քրեական գործի քննության հետ ոչ մի կապ պիտի չունենար», - ընդգծեց Վարոսյանը:

Ընդ որում, փաստաբանի համոզմամբ, ոստիկանական այս բռնություններում տեսանելի է հանցավոր չարամտությունը․ - «Ակնհայտ է, որ ոչ մի թեկուզ խելամիտ, թեկուզ հորինված բացատրություն էդ գործողությունների տակ չեն կարող դրվել»:

Երեկ նամակով Բակո Սահակյանին դիմած Զարուհի Փոստանջյանը գոհ է, որ դեպքից երեք օր անց Ղարաբաղի նախագահը գոնե խախտեց լռությունը, բայց սա բավարար չէ: Ընդդիմադիր պատգամավորը ևս շեշտում է, որ քրեական գործը պետք է գնահատական տա բռնություններին, բացի այդ ապօրինաբար սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու ու կարծիք արտահայտելու իրավունքը:

«Այս պահին կարող ենք ասել, որ դրա վերաբերյալ գնահատական չկա և քննություն չի եղել և սրա համար պետք է նաև ներողություն հայցեն հայ ժողովրդից Արցախի Հանրապետության իշխանությունները», - ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Բակո Սահակյանը այսօրվա խորհրդակցությանը վկայակոչել է Բերձոր մեկնած հարյուրավոր մարդկանց, որոնց դուր չի եկել Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած ավտոերթը: Փոստանջյանը հակադարձում է՝ նաև այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որքաղաքացիների ազատությունը Ղարաբաղում ամրագրված է փաստաթղթերով:

«Բռնություն է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, ովքեր փորձել են հայկական երկրորդ մայրաքաղաքում անցկացնել խաղաղ երթ: Նույնիսկ այն դեպքում, եթե կան մարդիկ, ովքեր համակարծիք չեն, նրանց չպետք է թույլատրվի, որպեսզի նրանք գան, փակեն ճանապարհը թույլ չտան, որպեսզի Արցախի Հանրապետությունում քաղաքացիները ազատ տեղաշարժվեն: Ովքեր որ խանգարում են խաղաղ ցույցը պետք է իրավապահ մարմինների ուշադրության ներքո գտնվեն և նրանք պետք է մեկուսացվեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

XS
SM
MD
LG