Մատչելիության հղումներ

Բերձորի մոտ ծեծի են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցները


Լուսանկարը՝ «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջից

«Հիմնադիր խորհրդարանի»՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա այսօր Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք են հարձակվել, ծեծի են ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները:

Ըստ հաղորդագրության՝ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկող Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և երթի մյուս մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը։

«Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր նաև, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, ովքեր պետք է դիմավորեին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցներին։

Այսօր «Ազատության» հետ զրույցում ավտոերթի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը պատմեց, որ Լաչինը չհասած ոստիկանները արգելել են մարդկանց մտնել Ղարաբաղ։

«Ժիրայր Սեֆիլյանը ասում է՝ դե լավ, որ չենք կարող գնալ, հետ կգնանք Երևան, պտտվում է, որ գնա Երևան, սկսում են Ժիրայրին խփել։ Բանդիտական հարձակում էր։ Հարձակվեցին բոլոր մեքենաների վրա և աջ ու ձախ ջարդում էին մեքենաների ապակիները։ Չվնասվեցին միայն շարասյան վերջում գտնվող մեքենաները»,- պատմեց Խուդավարդյանը՝ մանրամասնելով, որ հարվածներ էին հասցնում ոստիկանները և հատուկ ջոկատայինի համազգեստով երիտասարդները։

«Իսկ էդ ամեն ինչը ընթանում էր բարձունքում կանգնած, զինված խմբի ավտոմատային համազարկի ներքո»,- ասաց երթի մասնակիցը։

Երթի մասնակիցը հայտնեց, որ վնասվածքներ ստացած լրագրողը Գորիսի հիվանդանոցում բուժօգնություն է ստացել։ Հարձակման ընթացքում կոտրվել են մասնակիցների տեսանկարահանող սարքավորումները։

«Ծեծվածների թվում են Ժիրայր Սեֆիլյանը, նրա կինը և որդին, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Իգոր Մուրադյան, Ալեք Ենիգոմշյան և ևս մի 10-15 հոգի, որոնց գրպաններից հանել են հեռախոս, փող, անձնագիր։ Ավտոերթին մասնակցում էր մոտ 40 մեքենա»,- ասաց Խուդավերդյանը։

Գնահատելով կատարվածը՝ ազատամարտիկը ասաց.- «Եթե քաղաքական տեսանկյունից նայես, ոնց որ ղարաբաղյան ներկայացուցչությունը ցույց տվեց, որ սահմանագիծ ունի Հայաստանի հետ, որ Հայաստանի բնակիչները իրավունք չունեն գնալու Ղարաբաղ»։

Խուդավերդյանը հերքեց նաև իրենց՝ զինված լինելու մասին տեղեկությունները։

«Մեր մեջ զենքով մարդ չկար, կանայք, երեխաներ... խաղաղ երթ էր»,- ասաց նա։

Կատարվածի մասին հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթը «բացասական արձագանք է ստացել ԼՂ հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Ղարաբաղ»։

«Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո»,- հայտնում է ոստիկանությունը՝ առանց մանրամասնելու «հակաօրինական գործողությունների» բնույթը։

«Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG