Մատչելիության հղումներ

logo-print

Ֆինանսների փոխնախարարը կոչ է անում 2015-ից նախապատվությունը տալ տեղական արտադրանքին


Այսօր Ազգային ժողովում շարունակվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումնը: Հիմնական հարցերը տնտեսական խոստացված զարգացմանը, ներդրումների աճին և գնաճին էին վերաբերում:

Հնարավոր թանկացումները սեփական գրպանի վրա չզգալու համար Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը կոչ արեց գալիք տարվանից նախապատվությունը տալ տեղական արտադրանքին: Սա այլևս կարելի է հասկանալ որպես ԵՏՄ անդամ պետություններում արտադրվածը:

Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) անմիջապես պատկերացրեց․ - «Ստացվեց, որ հիմա մենք, մեր կանայք, ժողովուրդը «Տռայնոյ օդեկոլոն» ենք սկսելու օգտագործել և վարունգի դուխի կամ էլ «Կրասնայա Մոսկվա»»:

Խաչատուր Քոքոբելյանին հետաքրքրում էին թանկացող բոլոր ապրանքները: Կարայանը չթաքցրեց․ - «Պարոն Քոքոբելյան, այդ ապրանքների ցանկը կարող եմ ես թվարկել, մոտս հիմա կա, բայց դա կտևի առնվազն երևի կես ժամ - քառասուն րոպե»:

Մեկ լավ լուր փոխնախարարն այնուամենայնիվ փոխանցեց․ ԵՏՄ-ի անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը չեն փոխվի 5 տարի․ - «Այդ ավտոմեքենաները մաքսատուրքով կհարկվեն այն ռեժիմով, ինչ ռեժիմով հարկվում են հիմա, մինչև միանալը: Բարձրացում այստեղ տեղի չի ունենալու»:

Ի տարբերություն երեկվա, Կարայանը թանկացումների մասին խոսելիս նախ «հնարավոր» բառն էր դնում: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց․ - «Այս ամբիոնից ինչքան պնդել են, թե թանկացումներ չեն լինի, եղել են»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց․ - «Մինչև Դուք այստեղ զեկուցում եք Եվրասիական տնտեսական միության առավելությունների մասին, այսօր գիտե՞ք առավոտից դրամի կուրսը ինչից ինչ է դարձել: Վաճառքի կուրսը դոլարի հասել է արդեն 460 դրամ, մինչ Դուք այստեղ զեկուցում էիք: Եվ դա ուղղակիորեն ուղղակիորեն կապված է այն պրոցեսների հետ, որ տեղի են ունենում Եվրասիական տնտեսական միության տարածքում»:

Կարայանը հակադարձեց․ - «Չի կարելի ամեն ինչը բերել կապել այն հանգամանքի հետ, որ մենք միանում ենք Եվրասիական տնտեսական միությանը: Մենք այսօր դեռ չենք միացել Եվրասիական տնտեսական միությանը․ բայց Դուք արդեն կապում եք փոխարժեքի տատանումները դրա հետ: Պարոն Փաշինյանը, թույլ տվեք դրա հետ չհամաձայնել»:

Խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով, դրամի արժեզրկումը պայմանավորված է տրանսֆերտների աննախադեպ կրճատումով ու ԵՏՄ-ի հետ կապ չունի:

Քննարկման երկու օրերի ընթացքում Ֆինանսների փոխնախարարը անընդհատ պնդում էր, որ ԵՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կառույց է: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, սակայն, Կարայանը չէր համոզել: Արզումանյանը վկայակոչեց «Բլումբերգ» գործակալության միջազգային խոշորագույն ներդրողների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն ֆինանսական շուկայի թիվ մեկ սպառնալիքը Ռուսաստանն է, և հարցրեց․ - «Այսքանից հետո ով է Հայաստանում ներդրում անելու․․․ Բա գնում ենք ամենառիսկային գոտին․ աշխարհի ամենառիսկային երեք պետությունները: Ո՛չ Ռուսաստանում ազատ շուկա կա, քաղաքական որոշումներով են որոշում՝ ում սնանկացնեն, ում բանտ նետեն, ում ձեռից բիզնեսը առնեն: Նույնը Ղազախստանում է: Իսկ Բելառուսում նախկին Խորհրդային միությունն է գործում՝ բատկայի ղեկավարությամբ: Մանավանդ այս սանկցիաների վիճակում մենք որևէ ներդրում չենք սպասում»:

Կարայանն արձագանքեց․ - «Հայաստանի Հանրապետությունը, երբ որ միանում է Եվրասիական տնտեսական միությանը, որոշակի սահմանափակումներ է կրում․ ո՚չ, ընդամենը հնարավորություններ է ստանում: Ու ավելի լայն հնարավորություններ, քան կան այսօր»:

Այսօրվա քննարկման ժամանակ հնչում էին «միութենական», «կոոպերացիա» և նման այլ արտահայտություններ:

Հենց հարցուպատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») բոլոր պատգամավորներին թղթեր էր բաժանում: ԱԺ նախագահի կոչին, թե առանց թույլտվության խորհրդարանում չի կարելի թռուցիկներ բաժանել, Փոստանջյանը չենթարկվեց: Անցավ 130 պատգամավորների սեղանների կողքով, հասավ անգամ նախագահություն, թղթերից մեկը Գալուստ Սահակյանին տվեց, ինչին վերջինս արձագանքեց․ - «Էս արդեն բեսպրեդելն է էլի: Ուրախացեք»:

Պարզվեց, որ դա ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ուղերձն է պատգամավորներին՝ «փրկել հայ ժողովրդին նսեմացումից և վերջնական կործանումից»: Հայրիկյանը, պուտինյան Ռուսաստանի հետ «հարաբերությունները չափավորելու» կողմնակիցն է:

XS
SM
MD
LG