Մատչելիության հղումներ

Ցուցարարները պահանջեցին դեմ քվեարկել ԵՏՄ-ի վերաբերյալ փաստաթղթին


Մինչ խորհրդարանը քննարկում էր Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը, առավոտից Ազգային ժողովի առջև հավաքված տասնյակ ցուցարարները պատգամավորներից պահանջում էին դեմ քվեարկել պայմանագրին:

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը մատնացույց է անում պատժամիջոցներից քայքայվող ռուսական տնտեսությունը, ի՞նչ օգուտ կարող է այստեղից ստանալ Հայաստանը։

«Այսօր ամեն ոք գիտի, որ ռուբլին այլևս արժույթ չէ, ամեն մարդ գիտի, որ ռուսական տնտեսություն չկա։ Չի կարելի քաղաքակրթության դեմ պատերազմ հայտարարել, և չի կարելի այդ պատերազմը հայտարարողների հետ դաշնակից դառնալ, ժողովրդին տանել այդ ճանապարհով։ Ավելի նողկալի բան դժվար էր պատկերացնել մեր իրականության, մեր պատմության համար, գոնե էդ կիսատ-պռատ «և-և»-ը պահպանեին»,- ասաց Հայրիկյանը։

«Եվ-և»-ի շարունակություն կամ պատուհան դեպի Եվրամիություն Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը դեռ տեսնում է, բայց պաշտոնական Երևանը Կրեմլին դիմադրելու ռեսուրս չունի։

«Վերադարձ եվրաինտեգրացիայի ուղուն ես տեսնում եմ միայն ԵՏՄ-ի ձախողման պայմաններում, որը շատ հավանական է արդեն հաջորդ տարվա ընթացքում՝ եթե ոչ ֆորմալ, ապա պրակտիկ, դե ֆակտո ձախողում։ Դեպի այդ ուղղություն է շարժվում այդ միությունը»,- ասաց Նավասարդյանը։

Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանն ասում է՝ իշխանություններն իրենք էլ չեն հավատում հավաստիացումներին, թե մեծ շուկա է բացվելու մեր առջև, խաբեություն է: Նարինե Մկրտչյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանն իր իշխանությունը պահելու համար կատարում է Մոսկվայի հրահանգները, Հայաստանը կցում փլուզվող տնտեսությանը։

«Յուրաքանչյուր արժանապատիվ, երկրի մասին մտածող իշխանություն պարտավոր էր հաշվի առնել այս հանգամանքը և առնվազն դադար վերցներ, սպասել, ոչ թե գլխակորույս մտնել այդ փլվածքի տալ։ Ես սա համարում են քաղաքական ինքնասպանություն Հայաստանի համար»,- ասաց Մկրտչյանը։

Մայդանի հետ համերաշխության կոմիտեի անդամ Գայանե Առուստամյանն ասում է՝ թանկացումները այս միության առաջին պտուղներն են, սա՝ դեռ չանդամակցած.- «Մեր առանց այդ էլ շատ ցածր կենսամակարդակը ավելի է ցածրանալու և մեր հասարակությունը հայտնվելու է արտագաղթի նոր ալիքի առաջ»։

Գայանե Առուստամյանը կանխատեսում է՝ վիճակը կվատթարանա նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Նա հիշեցնում է Ռուսաստանի դեսպանի աղմկահարույց հայտարարությունը, թե անհրաժեշտ է չեզոքացնել Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»։

«Դա շատ ռեալ մեսիջ է, որ մենք կորցնում ենք մեր ժողովրդավարությունը և մեր ազատությունը։ Մենք գաղութանում ենք և ընկնում ենք Ռուսաստանի ոտքի տակ»,- ասաց Առուստամյանը։

Արվեստագետ Առնո Կուռն անպատվաբեր է համարում, որ օրինակ, մեքենա ներկրելու համար պետք է Սահմանադրությունը խախտի՝ փաստաթղթերը լրացնի Եվրասիական միության աշխատանքային լեզվով՝ ռուսերենով: Տարակուսած է՝ ինչո՞ւ ենք հավասարվում Ղազախստանին կամ Բելառուսին, որտեղ իրենց մայրենիով գրեթե չեն խոսում, ռուսերենն էլ պետական լեզու է:

«Ինքնության երաշխավորը հայոց լեզուն է։ Եթե մենք դա ենք արդեն զիջում, սա այն սահմանագիծն է, որից այն կողմ ուղղակի կործանում է սպասվում մեզ»,- ասաց արվեստագետը։

«Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացամանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը հիշեցրեց՝ գազային համաձայնագրերի քվեարկության ժամանակ փողոցում ավելի շատ մարդ կար, ուստի կասկածից վեր է, որ բացառությամբ հատուկենտ պատգամավորների, խորհրդարանը կողմ է արտահայտվելու այս դաշինքին միանալուն։

Հովհաննիսյանն ասում է՝ քվեարկողները չեն հավատում մեր պետականությանը.- «Հանրության մեծ մասի համար սպառնալի կամ կասկածելի որոշման շուրջ այսպիսի քաղաքական կոնսենսուս չի եղել։ Սա պարզապես կոնսենսուս է ազգային դավաճանության շուրջ»։

XS
SM
MD
LG