Մատչելիության հղումներ

«Ամոթ», «դավաճան» վանկարկումներ Ազգային ժողովի մուտքի մոտ


Ցուցարարները հորդորում են պատգամավորներին դեմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ պայքարող ցուցարարները Ազգային ժողովի նիստի մեկնարկին շրջափակել էին խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքը՝ դահլիճ շտապող պատգամավորներին հորդորելով դեմ քվեարկել պայմանագրին:

Խորհրդային տարիների այլախոհ, այժմ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանին անկախության կորստի մասին խոսքերը զայրացրին, ցանկացավ ապտակել մի ակտիվիստի։

«Նենց սիրով կապտակեի քեզ, Վարուժան. ես, որ ժամանակին պայքարում էի Սովետկայսրության դեմ... Բա որ գիտես, ինչո՞ւ էս էդպես հիմար հարց տալիս», - ասաց Կարախանյանը։

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանն ափսոսում է, որ նախկին ընկերները փոխել են համոզմունքները, հիմա կողմ են ռուսական խորտակվող նավին միանալուն։

«Իրենք չեն փչանում, կյանքն է իրենց փչացնում։ Տարրական բարոյականություն ունեցող մարդը չի կարող կողմ քվեարկել այս այլանդակությանը։ Եթե մի քիչ այլ բառեր ասես՝ կենցաղային, դա կհասկանան, բայց դավաճանություն... ասում են՝ հա ինչ կա որ»,- ասաց Հայրիկյանը։

Մեկ այլ «Հանրապետական» պատգամավոր՝ Լեռնիկ Ալեքսանյանն ինքն ամոթանք տվեց խորհրդարանի մոտ հավաքվածներին. - «Ամոթ ձեզ, որ այսպիսի բաներ եք անում»։

«Բարգավաճ Հայաստան»-ի և «Հանրապետական»-ի այլ պատգամավորները հիմնականում չէին արձագանքում ամոթանքերին՝ արագ մուտք գործելով շենք:

«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության անդամ, լրագրող Գայանե Առուստամյանը մեկ առ մեկ զգուշացնում էր նրանց՝ «այդ խարանը ձեր ճակատին է մնալու»։

«Մի քվեարկությամբ դուք վաճառում եք մեր հայրենիքն ու մեր ազատությունները։ Դուք գետինը մտնեք, դուք պատգամավորներ եք ու դուք ժողովրդի շահը պետք է ներկայացնեք», - բղավում էր Առուստամյանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, 25 տարի առաջ Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանն այդպես էլ չհստակեցրեց` կողմ է քվեարկելու, թե դեմ, ցուցարարների վանկարկումներից նրան դուր չեկավ «դավաճան» բառը։

«Ասա, դու ի՞նչ ես ասում։ Դու ինձ դավաճան ասի՞ր, դու դրա իրավունքն ունե՞ս... Դու պետք է որոշես՝ ո՞նց քվեարկեմ», - ասաց Մանուկյանը։

«Դուք պարտավոր եք մեզ լսել, մե՛նք ենք ձեզ ընտրել»,- հակադարձեց Գայանե Առուստամյանը։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Արամ Մանուկյանին դիմեց հեռակա, պատգամավորն արդեն շենք էր մտել.- «Այդ ինչպես է, որ հենց դու, Արամ, ընթերցում էիր Անկախության հռչակագիրը և այսօր քվեարկում ես դրա դեմ»։

Տնտեսական օգուտների մասին իշխանությունների հավաստիացումներին Խզմալյանը հակադրում է, իր կարծիքով, ամենահամոզիչ փաստարկները՝ ռուբլու և դոլարի փոխարժեքը, նավթի գինը.- «Մի քանի օրվա մեջ այս փուչիկը արդեն կիսով չափ փսկել է և պետք է լրիվ ապուշ լինել, կամ կատարյալ տականք, որ շարունակել պնդել նույն փսկած փուչիկի պատմությունը։ Պատահական չէ, որ այսօր սրանց տեր ընկեր Պուտինը այսօր Անկարայում է, որովհետև հենց այնտեղ է անցնում առանցքը՝ Անկարա-Մոսկվա, որի մեջ մեզ փորձում են խցկել։ Մի քանի անգամ մեր պատմության մեջ զգացել ենք մեր մաշկի վրա»։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ Սրևմուտքի պատժամիջոցները թանկացումենրի տեսքով արդեն հասել են Երևան, Կրեմլի հետ դաշինք կազմելուց հետո վիճակը կծանրանա։

«Մարդիկ լինելու են բարեկեցիկ այնքան, որքան Ղազախստանի հեռավոր գյուղերում, աուլներում կամ Ռուսաստանի հեռավոր գյուղերում ապրող ռուս քաղաքացիները, եթե չասեմ՝ ավելի վատ»,- կարծում է քաղաքագետը։

Ստյոպա Սաֆարյանը կասկած չունի՝ խորհրդարանը, այդ թվում և ընդդիմադիրների մեծ մասը, կվավերացնի այս փաստաթուղթը.- «Ցավոք, Հայաստանի քաղաքական դասը դարձել է Հայաստանի անկախությունը աճուրդի հանելու գործիքը»։

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ այս դաշինքը մեռելածին է, երկար կյանք չի ունենալու, բայց էական վնասներ կհասցնի Հայաստանին։ Պուտինի հայաստանյան այցից ուղիղ մեկ տարի անց դարձյալ փողոց դուրս եկած մարդկանց Փոստանջյանը խոստացավ անել հնարավորը՝ քվեարկությունը խափանելու համար։

«Եթե մենք վավերացնում ենք այս հակասահմանադրական պայմանագիրը, որն ազդեցություն է ունենալու մեր ինքնիշխանության վրա, իհարկե դա պետական դավաճանություն է», - ասաց Փոստանջյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG