Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղ և Պաղեստին. ահա այն երկու հակամարտությունները, որոնց մասին հարկ համարեց հիշատակել Աբդուլա Գյուլը երեկ երեկոյան թուրքական հեռոստաընկերություններով հեռարձակված իր հրաժեշտի ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղի և Պաղեստինի խնդիրները իմ նախագահության տարիներին մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում, մենք փորձել ենք հանդես գալ այս խնդիրներին լուծմանն ուղղված մոտեցումներով», - հայտարարեց Գյուլը:

Իր 15 րոպեանոց հրաժեշտի ուղերձում Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահը նաև հատուկ ընդգծում է, որ ինքը պետության առաջին ղեկավարն էր, ով լուրջ ուշադրություն դարձրեց կրոնական փոքրամասնությունների խնդիրերին:

«Ես մշտապես ձգտել եմ խուսափել բևեռացման ու վրեժխնդրության ցանկացած դրսևորումից: Իմ համոզմամբ, մենք պարտավոր ենք հանդուրժել Թուրքիայի ցանկացած քաղաքացու: Տարբեր կրոնական հավատամքները, տեսակետները, ինքնագիտակցության բազմազանությունը մեր հարստությունն են, կարող եմ ասել անգամ մեր ուժը: Հարգանքը մարդու հիմնարար, այդ թվում կրոնական ազատությունների հանդեպ իմ քաղաքական համոզմունքների անբաժան մասն է: Դա է պատճառը, որ ես դարձա Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը, ով այցելեց ալևիական աղոթավայր`ջեմեվի, ինչպես նաև մասնակցեց սրբազան Ռամադան ամսվա ընթացքում ալևիների կողմից կազմակերպված ճաշկերույթին` իֆթարին», - հայտարարեց Գյուլը` ընդգծելով նաև, որ իր նախագահության 7 տարիների ընթացքում աջակցել է քրդական փոքրամասնության իրավունքների ընդլայնամնն ուղղված ջաներին, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձրել Թուրքիայի բնակչության մահեմդականություն չդավանող խմբերի պրոբլեմներին:

Իր հրաժեշտի ուղերձում Գյուլը նա նշում է, որ արտաքին քաղաքական ասպարեզում իր յոթնամյա գործունեության հիմնական ուղղություւններից մեկը եղել է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը:

«Ես շարունակում եմ հավատարիմ մնալ այն համոզմանը, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ: Դա կլինի մի քայլ, որից մեծապես կշահեն թե' Թուրքիան` որպես ժողովրդավարական ու իսլամական պետություն և թե' ողջ իսլամական աշխարհը», -հայտարարեց Գյուլը:

Պաշտոնից հեռացող նախագահը մի քանի անգամ ընդդիմացավ երկրի նորընտիր նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանին` ճիշտ է առանց նրա անունը հնչեցնելու:

«Սիրելի քաղաքացիներ: Իմ պաշտոնավարման ողջ ընթացքում ես մշտապես ընդգծել եմ, թե ինչ մեծ կարևորություն ունի պետության համար դատական իշխանության անկախությունը: Իմ նախագահության տարիներին ես արեցի ամեն ինչ, որպեսզի օրենքի գերակայության և դատարանների անկախության սկզբունքները չխաթարվեն: Այս առումով խիստ կարևոր է նաև իշխանության թևերի տարանջատման հստակ պահպանությունը», - հայտարարեց Գյուլը:

Այս վերջին հայտարարությունը թուրքական մամուլն արդեն իսկ ընկալել է որպես Ռեջեպ Թայիփ Էրդողանին ուղղված անթաքույց քննադատություն: «Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ Էրդողանը հայտարարեց, թե իշխանությունների տարանջատման գաղափարը խոչընդոտում է կառավարության բնականոն աշխատանքին», - հիշեցնում է Zaman օրաթերթը:

Եվ քանի դեռ Աբդուլա Գյուլը հրաժեշտ է տալիս նախագահական Չանքայա պալատին, Էրդողանն ու նրա կողմնակիցները պատրաստվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին: Վաղն արդեն «Անկարա Արենա» մարզահամալիրում կհավաքվեն համագումարի շուրջ 30 հազար պատվիրակներն ու հյուրերը: Համագումարի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ահմեդ Դավութօղլուին պաշտոնապես կներկայացնի որպես կուսակցության ապագա առաջնորդ և ապագա վարչապետ:

XS
SM
MD
LG